Աշխարհում եղած «մեծ խաղից» պետք է, որ տեղյակ լինեք: Հզոր տերությունների խաղն է էդ խաղը համաշխարային թատերաբեմին: Էդ «մեծ խաղի» դեմ մեր երկրում եղած «խաղն», անշո՛ւշտ», փոքր բան պետք է թվա: Բայց այդ «մեծ խաղում» բաներ կան, որոնք մերոնց էլ են պետք:

Օրինակ, Պուտինի համբերությունը: Իր հասցեին որքա՜ն բան է այսօր ասվում, բայց ինքը որքա՜ն համբերատար է այդ ամենը լսում: Ու չմտածեք՝ չի պատասխանում:

Պատասխանում է:

Երկար համբերելուց հետո՝ այն պահին, երբ իրեն քարկոծողն այլևս չի սպասում պատասխանի, ինքը, հանկարծակիի բերած, պատասխանում է ու դրա համար էլ միշտ ինքն է հաղթում, որովհետև համբերությունը ոչ միայն կյանք է, համբերությունը և հաղթանակ է:

Խնդրե՛մ, մեզանում աջից ու ձախից, ներսից ու դրսից ակնարկ են անում, քար են շպրտում հեղափոխություն անողների դեմ: Այ էդ քարին քարով հե՜չ հարկավոր չէ տեղում պատասխանել: Հաճախ հարկավոր է նաև չնկատել, քանզի երբ նկատում ես ճղճի՛մը՝ ասվա՛ծը, հետն էլ նկատում ես ճղճիմի՛ն՝ ասողի՛ն, ճղճի՛մը սարքում ես երևելի բան, ճղճիմի՛ն՝ նույնպես:

Ընտրության շեմ է, բնականաբար, պիտի քար նետեն, մանավանդ եթե հիշենք, որ իրենք «գաղափարական հետնամուտքերում» են դաստիարակված, մարզված, կոփված: Իրենք էդ բակ ու հետնամուտքերից քար են նետում, պախկվում, ելնում, նորից նետում ու Նիկոլի ուշադրություն շեղում, Նիկոլին գեշ նյարդայնացնում: Ու բանն այն է, որ հենց գե՛շ նյարդայնացնում: Իսկ գեշն, ի՜նչ էլ անես, հե՜չ սիրուն բան չէ, պարո՛ն Փաշինյան:

Ամենասիրուն բանն էս աշխարհում փիլիսոփայական հանգստությունն է, անվրդովությո՛ւնը. մարդիկ էդ բանը շատ են հավանում: Համբերությունից հանողների ջգրու մի լավ միջոց կա. համբերությունից դուրս չգալ: Աշխատիր այդպես վարվել, Նիկո՛լ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ