Գալուստիկը Գալուստի որդին է՝ Արմանը Սահակյան: Օրերս նրա նոր գալուստն էր՝ վավերացված նախընտրական գովազդային վահանակի վրա. սև համապատկեր,1 թվանշան և հանրապետականների քարոզչական ասույթափնջից մի վառ մեխակ նկարի տակ: Արման Ս.-ի քարոզչական մեխակը ահա սա է. ‹‹Եթե մտահոգ ես ավանդական արժեքների այլասերմամբ, ընտրիր Հանրապետականին: Ընտրաթերթիկ №1…››:

Եվ ահա այր ու կին (այն է՝ մարդ ու կնիկ) որոշեցինք մեր նպաստը բերել սույն երիտասարդին՝ նրա յուրաքանչյուր քարոզչապաստառի տակ հուշաղբյուրներ տեղադրելով և անել ամեն բան, որ դրանցից հորդի բացառապես շլորի գինի՝ հայր Գալուստի սիրած ըմպելիքը:

Մինչ մենք ամուսիններով այս մտահղացման մտմտուքների մեջ էինք, տեղեկացանք,որ սույն Գալուստիկի քարոզչական տեսահոլովակը այնքան է մտահոգել թիվ 2 ընտրատարածքի ոչ հանրապետական, այն է՝ միանգամայն մեղսունակ և բարյացկամ ակտիվիստներին, որ վերջիններս դրամահավաք են կազմակերպել, պատվիրել Գալուստիկ Ս.-ի անձնագրային լուսանկարը: Փակցնելով դրանք կրծքի ձախակողմյան հատվածում և մեխակները ձեռքներին՝ նրանք շրջելու են բակից բակ, տնից տուն՝ փորձելով պարզել, թե հանուն ինչի բնակիչները պետք է ընտրեն հաջողակ ծաղկավաճառի ժպիտով աչքի ընկնող սույն պարոնին:

Սակայն ամուսիններով շատ արագ առանք և երկրորդ լուրը: Բնակիչներն այդպես էլ հոդաբաշխ որևէ պատճառ չեն գտել, թե հանուն ինչի պիտի ձայն տան Սահակյան կրտսերին. Չէ՞ որ պաշտոնավարման տարիներին մենիշխանական ՀՀԿ-ի դուրսպրծուկ Արմանը լավ էլ աչք էր փակում ավանդական արժեքների ոտնահարման համաճարակի դեմ, քանզի դա էր նրա հարազատ ստնտուի՝ Հանրապետականի քաղաքական դիրքորոշումը: Ի դժբախտություն Սահակյան ընտանիքի այս անբովանդակ ճյուղավորման՝ ընտրազանգվածը սա հիշում է ու լա՛վ է հիշում, իսկ ընտրազանգվածն իր հիշողությամբ ոչ թե զորավոր է, այլ՝ չափազանց զորավոր:

Այդ ընտրազանգվածը նմանապես չի մոռացել, որ սույն պարոնորդին պաշտոնական այլասերության գլուխգործոցներ էր կերտում Երևանի փոխքաղաքապետի, Պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնում աշխատելու տարիներին՝ ամենուր խելահեղ նպատակաուղղվածությամբ օգտվում պետական գումարներով ձեռք բերված 1200-դոլարանոց բազկաթոռից, 200-դոլարանոց ինքնահոս-գրիչից և 10-դոլարանոց զուգարանաթղթից:

Նկատենք, որ սույն անուշադեմ չհասունացողը հակապետական երկու գենի խաչասերման արդյունք է: Հայրը հայ քաղաքական մտքում իր անհոդաբաշխ մտքերով՝ բուշիզմներն իր ‹‹հանճարի›› ուժով տեղայնացրած հայտնի Գալուստ Սահակյանն է, մորեղբայրը՝ ‹‹Հրազդան›› մարզադաշտը մահվան բերան հասցրած Բուռնաշ-Աշոտ Աղաբաբյանը: Սա եկեք չանտեսենք:

***

Մեկ ժամ առաջ ընտրատարածքի բնակիչներից թարմ լուր առանք, որ Արման Ս.-ին համարում են լիակատար անմեղսունակ, զի նա 1200-դոլարանոց բազկաթոռում տևական ժամանակ բազմելով՝ հավանաբար իսպառ կորցրել է բանականության և բարոյականության վերջին նշույլները և այս բանում, չզարմանաք, նա առանձնապես մեղավոր չէ:

Տեսեք՝ վերոնշյալ բազկաթոռը նախատեսված էր համաշխարհային մեծության աստղերի գործածման համար: Ամռանը բազկաթոռի նստատեղը սառչում է, ձմռանը՝ ջերմանում: Հարկավ կռահեցիք, որ նշյալ պատվարժան նստատեղը թարմացնում է վրան բազմող աստղի նստուկը և այդտեղից որակյալ արյուն է մատակատարում վերջինիս աղիներ ու գլխուղեղ: Սակայն հակահանրապետական սրիկաները, պարզվում է, դավադրաբար խոտանված բազկաթոռ են հատկացրել տարաբախտ Սահակյան կրտսերին. բազկաթոռի նստատեղը ամռանը խիստ ջերմացել է, ձմռանը աղետալի սառչել: Բնականաբար Արման Ս.-ի աղիներին և գլխուղեղին մատակարարվել է խիստ անորակ արյուն, իսկ պետական գործերով, ի մասնավորի՝ ավանդական արժեքների այլասերմամբ մտահոգ Արմանը դա չի նկատել:

Մի խոսքով՝ Արման Սահակյանին՝ որդուն Գալուստի ‹‹Ոսկեբերան››, պետք է գթասրտաբար հորդորել, որ նա դիմում գրի, ինքնաբացարկ հայտնի և զբաղվի հարազատ հոր՝ այն է՝ քաղաքական անհեթեթ մտավարժանքի անթագակիր արքա Գալուստ Գրիգորյանի ասույթների ժողովածուի հրատարակմամբ: Դա կգնահատեն և մրցակիցները, և թիվ 2 ընտրատարածքի հասուն բնակիչները:

Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ
Համեստ ԲԵԿ-ՄՐՐԻԿՅԱՆ