Ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որեւէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում այդ տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ նշելով, որ UNESCO-ն «քոչարի» պարը չի ճանաչել որպես ադրբեջանական պար:

Նրա խոսքով՝ ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսեւորումները եւ դրանց առանձնահատկությունները։ Ըստ ադրբեջանական հայտի՝ կա «յալլի» տեսակի շուրջ 60 պարատեսակ, որոնք կիրառվել են Նախիջեւանում, և դրանց շարքում է նաեւ «քոչարին»։ Կարճ ասած՝ ադրբեջանցիները նույնպես «քոչարի» են պարում:

Նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է փաստեր, որոնք ապացուցում էին, որ «յալլի» պարը «քոչարի» չէ: Հայաստանի պատվիրակությունը առանձին-առանձին հանդիպել է կոմիտեի անդամ երկրների բոլոր ներկայացուցիչներին և ամենայն մանրամասներով բացատրել, որ ադրբեջանցիները քաղաքական խնդիր ունեն մեր արժեքներն իրենց վերագրելու, որ իրենց պարը «քոչարի» չէ:

Նշենք, որ 2017 թվականին UNESCO-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն «քոչարին» Հայաստանի հայտով գրանցել էր UNESCO-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։«Քոչարին մեր պարն է, մենք ենք ստեղծել, և պարել ենք ու պիտի պարենք», -գրել է փոխնախարարը:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ