Խոնարհ գառ դարձել, մտել են ֆեյսբուք, ժողովրդի հետ անո՜ւշ մայելով խոսել են ուզում:

Հարգարժա՛ն Ֆեյսբուք, քանի՞ տարի է՝ մեր երկրում դու կաս, դրանցից ո՛րն էր ցօրս մարդկանց հետ էսքան ջերմ կիսվել ու էդ կիսվելու փափագից էս կարգի գժվել, սոց.ցանցերն ընկել ու «լայվերն» ընկել, իր «լայֆն» էսպես լո՜խ, համա՜կ «լայվ» սարքել: Հետևի՛ր դրանց, հարգարժա՛ն Ֆեյսբուք, շատ չկիսվեն հանկարծ, ամեոբայի պես կիսվեն-բազմանան, հազարներով ֆեյք էջ ու կայք բացեն, ոնց որ երկրի բարն ու բարիքը դրին-բզկտին, պատառ-պատառ արին իրենց հարամիների բաժին ու հարամ արին, էնպես էլ հիմա ցանցդ հարամեն:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ դրանք էսքան «սենտիմենտալ» են, էսքան քաղցր բառ ու ինտոնացիա ունեն, էսքան տակտ ունեն: Բա էս 20 տարի ինչո՞ւ էիք էդքան անտակտ ու էդքան լպիրշ պահում ձեզ: Հա՜, «տակտներդ» դրած տակներդ, էս նեղ օրվա համա՜ր էիք խնամքով պահում՝ Մանվելի պահած «կանսեռվեքի» պես: Որքան Մանվելն էր զինվորի համար «կանսեռվա» պահում, էնքան դուք էիք ժողովրդի համար ձեր «տակտն» էդ պահում:

Խորհրդային մի հին անեկդոտ կար:

ԽՍՀՄ մի դպրոցից աշակերտներին տանում են Կրեմլ: Կրեմլում հանդիպում են Գորբաչովին: Հանդիպումից հետո Գորբաչովը հարցնում է դպրոցականներին, թե ո՛վ ի՛նչ ցանկություն ունի: Աշակերտներից մեկը, թե՝ «Ընկե՛ր Գորբաչով, ի՜նչ կըլնի, էդ հեռուստացույցները որ արտադրում եք, էկրաններին միշտ մի զույգ «դվորնիկ» դրեք»:

Գորբաչովը հետաքրքրվում է, թե ինչո՛ւ: Դպրոցականն էլ, թե՝«Որովհետև ամեն անգամ, հենց քեզ են ցույց տալիս, հերս թքում է էկրանի վրա, ինձ ամեն անգամ ուղարկում՝ սրբեմ»…

Անեկդոտն այսօր վայ թե իրականանա, քանզի հների նորանոր «լայվը» «լայվի վրա»՝ մարդիկ չեն հասցնում՝ նոութբուքի ու հեռախոսի երեսը գոնե հինգ րոպե անթքել պահեն. էնքան շուտ-շուտ են թքում, չեն հասցնում՝ սրբեն: Եւ ուստի «Էփլը», «Սամսունգը», էն մյուս արտադրողները, արդեն սկսել են այս առթիվ խորհել. նոր հոգս ու նոր ծախս է իրենց սպասում:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ