Պարզվում է՝ ՀՀԿ-ի ու անձամբ Վիգեն Սարգսյանի մանկության երազանքը Նիկոլ Փաշինյանի հետ «տե-տա-տետն» ու անձամբ հանդիպելն է եղել, բայց իրենք էսքան տարի ներս գցել, «ամոթխած ու չխոսկան օրիորդի» նման իրենց «սրտի գաղտնիքն» էդպես էլ չեն փորձել հայտնել, անգամ եթե էդ մարդու հետ, վեց ու կես տարի է, նույն ԱԺ-ում են «կողք կողքի» աշխատել:

Իսկ հիմա «ամոթխած օրիորդը», խնդրե՛մ, դրել-հաբռկել, ժամադրություն ու հանդիպում է ուզում:

Նիկոլն էլ, թե՝ «Էլ լաչառությունդ չդնես իզուր. ես քեզ հետ ո՛չ ժամադրվել, ո՛չ հանդիպել եմ ուզում: Համ էլ մենակ դու չես, ով ինձ հետ հանդիպել է ուզում, և ուստի դու մյուսներից էդ ինչո՞վ ես լավը, որ էդքանի միջից հենց դու ես հետս «խոսել» ուզում, մանավանդ որ, էս է, համարյա յոթ տարի, կոնկրետ հենց ինձ հետ «խոսելու» հարցում «չխոսկան» էիր դարձել, հիմա սիրապրծուկդ նո՞ր է դուրս պրծել»:

Սա քիչ է, Շարմազանովն էլ էնտեղ է «օր ու արև չե՜մ տա» աղաղակներով ձենը զլել, խանդի տեսարան է աշխարհի դեմ սարքել, չպսակված՝ ղժժում, մերժում չի հանդուրժում, ապահարզանի հարց չկա, սակայն ապահարզան տալուց է կտրուկ հրաժարվում:

Արա՜ դե ասա՝ ինքնասիրություն ունեցեք, էլի՜, չի ուզում «խոսել», ի՜նչ եք դեմն էդպես ձեզ նվաստացնում: Եթե չի ուզում, ապա ո՛րն է մեր՝ «հայեցի՛» պատասխանն էդ դեպքո՞ւմ: Ապրե՜ք, կռահեցիք. «Պա՜հ, պադո՜ւմայեշ»: Ասե՛ք, նամուսներդ առե՛ք, մի կո՛ղմ քաշվեք, թե չէ ձեր էս կռիվը լրիվ խանդի տեսարանի է մանրից վերածվում, առանց էդ էլ խաղալիք դարձած ձեր անվան հետ խաղում:

Կամ որ խոսեցիք, ի՞նչ է փոխվելու: Դուք իրեն էս 6 ամիս արած-չարածի՞ց պտի հարցնեք, հա՞, երևի: Է ինքն էլ ձեզ ձերոնց 20 տարվա՛ արած-չարածից, կդնի, սիրո՜ւն, մանրամա՜սն կհարցնի: Էնքա՜ն հարց կա տալու: Էդքան հարցին մինչև պատասխանեք, հաստատ կմոռանաք, թե իրեն ինչ հարց էիք տալու:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ