Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակում Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ, կիրառելով Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի փորձը, Ոսկեհատ համայնքում կհիմնվի ժամանակակից փորձացուցադրական այգի։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։

Գեղամ Գևորգյանը ողջունելով ծրագրի իրականացումը՝ կարևորել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և դեսպանատան աշխատակիցներից ձևավորված համատեղ թիմի կողմից կատարված քրտնաջան աշխատանքը, որի արդյունքներն ամրագրվեցին պաշտոնական փաստաթղթի ստորագրությամբ։ «Այս ծրագիրը հնարավորություն կտա ֆերմերներին, ուսանողներին գործնականում տեսնել նորարարական տեխնոլոգիաների արդյունավետությունը, ինչը վստահություն կներշնչի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու և նոր, բարձրարժեք մշակաբույսեր կիրառելու համար։ Կարծում եմ՝ այս փորձը վարակիչ կլինի հետագայում այլ մարզերում ևս նման փորձացուցադրական այգիներ հիմնելու համար», -հավելել է նախարարի պաշտոնակատարը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել օրինակելի, լավագույն տեխնոլոգիաներով հագեցած այգու հիմնման աշխատանքներին՝ տրամադրելով Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող ուսումնափորձնական տնտեսությունից 2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանի խոսքով՝ նման համագործակցության շնորհիվ արդյունքները կբազմապատկվեն. ֆերմերները ոչ միայն կստանան խորհրդատվություն, կտեսնեն ու կծանոթանան գյուղատնտեսության նորագույն մեթոդներին, այլև ուսանողները և դասախոսները կներգրավվեն այդ աշխատանքներում։

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանն իր հերթին նշել է, որ այս քայլով հնարավորություն է ընձեռնվում առավել արդյունավետ տարածել նորարարական գիտելիքը, քանի որ մենք ոչ միայն նոր տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկացվածության և գիտելիքի պակաս ունենք, այլև այդ գիտելիքն առավել արդյունավետ ուղիներով տարածելու կարիք։ Մանրամասները՝ տեսանյութում՝

Տեսանյութը կարող եք ներբեռնել հետևյալ հղման ներքո