«Վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեզ ձեր կաբինետներից: Ո՞նց, այս երկրում մարդ կա, որ համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ: Բոլորիդ «պառկըցնելու» ենք ասֆալտներին: Էս ովքե՞ր են սրանք: Ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա այդ ասֆալտների վրայից»:
Նիկոլ Փաշինյան

Նախ, հա՛, հասկանում եմ, որ հենց հեռուն գնացող է՛ս «վեհ» նպատակով էր, որ, Նիկո՛լ ջան, ասֆալտի պլանն էս տարի 60 տոկոսով երկրում գերակատարվեց, որպեսզի այ սենց՝ ասֆալտին համատարած «պառկըցընելու» էս «բախտորոշ» մոմենտներին էդ ասֆալտը հանկարծ քչություն չանի, բայց այդուհանդերձ երկրում ասֆալտապատ մայթի ու փողոցի դարձյալ սուր դեֆիցիտ կա, տեղը չի հերիքի «պառկըցընելու» համար:

Երկրորդ, չասֆալտապատվա՛ծ մայթ ու փողոցներում անգամ որ դրանց փռես, Նիկո՛լ ջան, իրանք էնքա՜ն շատ են, որ «պառկըցվելու» համար պտի հերթագրվեն: Զահլա՜ ունես սաղ օրը դրանց գրած հերթն առաջ գցելու դիմում-գանգատները, դնես, հա՜ քննարկես:

Երրորդ. բերես, դրանց փռես, մի-մի շլագբաումի պես, էն էլ, եթե (ոնց որ դու ես մտադրված) «տարիներո՜վ չպիտի վեր կենան էդ ասֆալտների վրայից», մեղք չէ՞՝ առանց այդ էլ խցանումների ձեռը տանջված էս քաղաքը:
Կամ պարտադի՞ր է, որ «նստըցնելուց» առաջ դնես-«պառկըցընես»: Առանց «պառկըցնելու»՝ տա՛ր ու «նստըցրո՛ւ»…

Հետո՛: Պարո՛ն Փաշինյան, միայն հանրապետական «համազգեստի» վրա մի՛ կենտրոնացիր: Ասածդ էդ «հաստավիզներից» ու էդ «օլիգարխներից» ամենաճկուններն արդեն քամելեոնի նման իրենց հանդերձ փոխել, վայրկենական լրիվ ուրիշ հանդերձ հագել, ձերոնց քծնել-պրծել, իրենց տեղն են պնդել: Այ դրա՛նց էլ հիշի՛ր, կաբինետից հանիր ու ասֆ… (հո՛պ. ինքս ասի, ինքս էլ իմ թակարդն ընկա, քանզի ես էլ քեզ պես իներցիայով քիչ էր մնում էլի ասֆալտ դրանց առաջարկեի)

Ինչ վերաբերում է օլիգարխներին, ապա զարմանալի է, որ դրանց անունն այսպես տալիս-ընդգծում ես «հանրապետական» ընդգծման կողքին , քանզի ոնց որ թե ոչ մի օրիգարխ էլ չմնաց որպես հանրապետականին նվիրված մարտիկ: Բոլորն էլ ոնց որ թե արդեն գերի ընկան ու ձերոնց բանակը մտնելու սիրո՜ւն դիմումներ գրեցին: Էդ արդեն բնավ հանրապետականի՛ պրոբլեմը չէ, եթե դրանց հետ պրոբլեմ կա: Էդ արդեն զուտ քո ու ձերոնց պրոբլեմն է ՝ սկսած էն օրից, երբ դրանց «գերի հանձնվելու կոլեկտիվ դիմումները մակագրեցիր»:

Ընդունեցի՞ր դրանց ձեր բանակը, ուրեմն տե՛ր կանգնիր, ու թե մի բան էն չէ, ոչ էլ էլ բողոքիր: Եկեղեցում ո՞նց է. «Երրորդ անգամ եմ հարցնում, որդյա՜կս, տե՞ր ես»: Դու ք ասի՞ք՝ տեր եք. ասի՛ք: Երեք անգամ էլ իրանց հարցրած կըլնեք. «Երրորդ անգամ եմ հարցնում, դո՛ւստր իմ, հնազա՞նդ ես»: Դե՜հ, իրենք էլ չէ՞ որ ասին՝ հնազանդ ենք: Էնպես որ՝ ալելուի՜ա:

Ու հիմա թե դժգոհ եք, պիտի ինքներդ ձեզնի՛ց նախ դժգոհ լինեք և ապա նոր այդ հնազանդության երդում կերած ձեր էդ «կողակցուհո՛ւց»: «Պառկըցնելով» ահ տալն էլ ի՞նչս է ախր. կա՛մ դաստիարակիր, կա՛մ ապահարզա՛ն ուզիր ու դատարա՛ն տուր: Էնպես որ, կա՛մ պտի «պառկըցնես», կա՛մ պտի… «նստըցնես»:
Ապահարզան տվիր ու տարար-«նստըցրիր» էլ ո՞նց… «պառկըցնես»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ