«Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերն սպասվում է մեծ անակնկալ»:
Արմեն Աշոտյան

Դեկտեմբերի 9-ի ուշ գիշերն էր, բայց քնած մարդ չկար. ՀՀ ողջ տարածքում գործող բոլոր ընտրատեղամասերում ձայներ էին հաշվում, թեպետ «էքզիթ-փոլի» արդյունքներն արդեն հրապարակվել էին: ՀՀԿ-ն առջևում էր՝ 444,4 % արդյունքով... Ու ստեղ թարսի պես Աշոտյանը, որի աչքը միամիտ կպել էր, զարթնեց ու բախվեց ՀՀԿ գրասենյակի չտաքացվող իրականությանը. փող չէր եղել, կոմունալ վարձերը չէին մուծել, ուստի հենց իրենց ստեղծած «օրենքով» դրել-կտրել էին:

Ու էս աշխարհի անմարդկային ցրտից էրազում էրեսին փռված ժպիտն սկսեց սառչել, սկսեց մանրի՜ց մանր եղյամ դնել էրեսին, թախծոտ աչքերի անթարթ թարթիչներին: Ոչ միայն գազն էին օֆիսի կտրել, այլ նաև լույսը, ուստի մոմի աղոտ լույսի տակ մի պահ ցոլաց էրազից վեր թռած Շարմազանովի աղաղակող պատկերը. «Վա՜խ, հա՜յր իմ, էս ինչո՞ւ ինձ էսպես լքեցիր»…

Բայց «հայրը» ոչինչ չպատասխանեց, քանզի ոչ ինքն էր Հիսուսը, ոչ էլ «հայրն» էր Հիսուսի հայրը: Իրա «հայրը» Ձորաղբյուրում, հեռախոսն ի՜նչ է, էդ էլ չէր վերցնում. զանգը գնում էր, պատասխանող չկար:
Չէ՛, Էդի՛կ ջան, չէ՛. վերցնող լա՜վ էլ կար. ուղղակի ինքը, դեմը հոնի ընտիր արաղ, իրա վեջը չէր. անվրդով խմում էր ու բազմիմաստ ժպտում ու քթի տակ ստեպ-ստեպ անհոգ քրթմնջում. «Լոխ լյա՜վ ա, լյա՜վ ա»:

Ու ստեղ իրա «սպարտիվկի» գրպանից հանկարծ զիլ հնչեց. «Վաչիկ խոչետ դամո՜յ…»:
Ու «հայրն» ակնոցը ծանրորեն դրեց զանգողի անունը կարդալու համար, սակայն հիշեց, որ զանգի մեջ արդեն իսկ զանգողի անունը հնչել էր, ուստի ընդամենը քթի տակ ինչ-որ բան զվարթ քրթմնջաց, բայց Վաչոյին էլ չպատասխանեց՝ «զահլա՞ կա, ա՜ խոխա. զարյադկա չկա՜» պատճառաբանությամբ:

…Իսկ էնտեղ ՝ ցուրտ ու խավար օֆիսում, տղերքն իրենց «սըփրայզ»-անակնկալն էին ուսումնասիրում ու ապուշ կտրում:
- -444,4 %, արա՞», -հնչեց մշտախոս Շարմազանովի ապշակտուր ձայնը:
-Հա՛, արա՛, մինուս 444 ու 4 տոկոս, -Շարմազանովին պատասխանեց ողջ հայ ժողովուրդը: -Ժամանակին ինձնից էն խլածներդ եմ բերել, բալանս մտցրել. էսքան տարվա մեջ հաշվիչն էնքա՜ն եք թարս ֆռռացրել, որ էսքան պարտք եք ինձ մնացել: Ու որպեսզի էդ պարտքը մարեք, ասեմ, թե հիմա ինչ պիտի անեք: Որպեսզի խլած ձայներն էդ մի կերպ կոմպեսացնեք, այսուհետ ձայներդ կտրում եք Առհասարակ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ