Այո, Henq.am-ի չքաղաքականացված հարգարժան ընթերցողներ, ԲՀԿ-ի համաժամանակյա թե Շամիրամ և թե Կլեոպատրա տիկին Նաիրա Զ.-ն քաղաքականացված է նրբիկ ոտիկներից մինչև մրահոն աչք ու ունք: Սակայն սրանով հանդերձ դաժան բան է քաղաքականությունն ու հատկապես սևաչյա կանանց հանդեպ:
Ինչ՝ ինչ, քաղաքական գործընթացները շիկահերների նկատմամբ համեմատաբար մեղմ են, բարեհոգի են:
Ավելի ստույգ՝ պահպանողական են:
Տեսեք՝ վառ կարմրաշիկահեր Զարուհի Փոստանջյանն ինչպե՜ս է տակնուվրա անում երկրի և քաղաքամոր կյանքը, սակայն այս ընթացքում սանրվածքը կտրուկ երբևէ չի փոխել: Կասեք՝ քանզի ինքնուրույն քաղաքական միավոր է և գլխի վերևում, նաև սրտի վրա, չունի, չի պահում քաղաքական վոժդի պատկե՞ր: Ճշմարտությունը հարկավ պահանջում է խոստովանել, որ Զարուհ Փ.-ն ինքնին վոժդ է և իմիջի կտրուկ փոփոխման կարիք չունի:
Ի դեպ խորապես քննության առնելով սույն խնդիրը՝ ամուսիններով հանկարծ ընկանք տարակուսանքի էլ չէ՝ տարակուսանքների գիրկը՝ արդյո՞ք նազելի քաղաքական այս վոժդուհու, այն է՝ Զարուհի Փ.-ի, վարսերն ի բնե՞ շեկ են, թե այն երևանյան ինչ-որ վարսահարդարնոցի ինչ-որ վարսահարդարի ձեռքի գործ է ընդամենը: Ինչևէ:
Կյանքը ցույց է տալիս, որ սևաչյա քաղտիկնայք, զորօրինակ, մադամ Աճեմյանը, կյանքում, առանց քաղվոժդի, դառնում են անդեմ դեմքեր, և առանց դիմահարդարման, մեր հյուսիսային հարևանի ասածի պես ‹‹ադին կ ադնամու›› նմանվում են սեփական բնօրինակին: Արդ՝ ո՞րն է, ինչպիսի՞ն է Նաիրա Զ.-ի իրական տեսակը, այն է՝ բնօրինակն առանց մեծն Ծառուկյանի: Սա խնդիր է, որ խորհրդարանական ընտրությունների շեմին հնարավորինս պիտի արագ պարզվի, որ իր ընտրության հարցում ընտրազանգվածը տարակարծություններ չունենա, իսկ մինչ այդ մեծ պարզումը մեզ թույլ տանք ենթադրել, որ հավանաբար սեփական բնօրինակի փնտրտուքն է նրան մղել էապես փոխել սանրվածքը և ‹‹ղառի դամայի›› իմիջային դաշտից փոխադրվել կոկետ տիկնոջ սալոնային կերպար:
Անկեղծ ասած՝ ամուսիններով ժամեր շարունակ Նաիրա Զ.-ի նախկին և ներկա նկարները համեմատելով՝ փորձում էինք կռահել, թե որ կերպարով է նա ավելի մարսելի: Տիկին Համեստս համոզված է, որ նախկին Նաիրան՝ սևահերն ու մրահոնը, ավելի անկեղծ էր, ավելի բանաստեղծական ու որ հենց դա էր նրա հարազատ կերպը: Հակառակ փոթորկուն կնոջս պատկերացումներին, զեփյուռաշունչ Զարզանդիս ավելի սրտամոտ է Նաիրա Զ.-ի ներկա տեսքը: Այսպես նա ավելի գրավիչ է, ու գոնե ես նրա հետ կգնայի գրոհելու Ամուլսարը:
Գիշերով:

Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ
համահեղինակ՝ Համեստ ԲԵԿ-ՄՐՐԻԿՅԱՆ