Ո՜նց է կյանքը փոխվել:
Կյանքը «լայֆ» է դարձել, մտել վիրտուալ աշխարհ, «լայֆն» էդ «լայվ» է դարձել: Բարի կամքը՝ «լայք», իսկ բարի խոսքը «քոմենթ» է դարձել: Սակայն նզովքն ու լուտանքն էլ, ավա՜ղ, դարձել են «քոմենթ»: Սուտը՝ «ֆեյք», լուրը՝ «նյուզ», սուտ լուրը՝ «ֆեյք նյուզ», լավ լուրը՝ փողով տրված պատվերով է դարձել, վատ լուրն էլի՛ փողով ու էլի՛ տրված պատվերով է դարձել: Այ խայտառա՜կ լուրը դեռ չի գերազանցվում ու խայտառակ լուրին դեռ Հայլուր» են ասում:

Ո՜նց է կյանքը փոխվել:
Հա՛, կյանքը, ոնց որ վերևն ասացի, արդեն «լայֆ» է դարձել, բայց մոռացա ասել՝ մի քանիսի կյանքը նաև «կայֆ» է դարձել, իսկ մյուսների կյանքը «կայֆի» հաջորդ օրվա գեշ «լոմկա» է դարձել…

Ո՜նց է կյանքը փոխվել:
Թումանյանը հառներ և ուզենար էսօ՛ր հանկարծ հեքիաթ գրեր, խեղճն ի՞նչ պիտի աներ, խեղճն ի՞նչ պիտի գրեր. «Սուտլիկ որսկանի» տեղ «Ֆեյք խանտե՛րը» գրեր: «Ոսկի քաղաքի» տեղ «Գոլդեն փալա՛ս» գրեր, «Տերն ու ծառայի» տեղ՝ «Բոսսն ու մենեջե՛րը» գրեր, «Անբան Հուռիի» տեղ ՀՀ ԱԺ 6-րդ և հինգերո՛րդ, չորրո՛րդ ու ցանկացած ուրիշ գումարման իգական սեռի ցանկացած պատգամավորուհու մասի՛ն ինքը գրեր:

Ո՜նց է կյանքը փոխվել:
«Իմ քայլը» դեռ երեկ իր առաջին երեր քայլերն էր անում, հիմա առավոտից գիշեր քայլո՜ւմ է, քայլո՜ւմ: «Իմ քայլի» քայլը արդեն քայլ չէ, չէ՜, «Իմ քայլի» արած քայլն արդեն Տորքի լո՜նք է:

Ո՜նց է կյանքը փոխվել:
Երեկ ռեստորանում Սերժն էր իր քեֆն անում, էսօր Նիկոլն է քեֆն իր շարունակում: Թե երեկ Սերժի թասն էին քաղցրացնում, էսօր Նիկոլի՛ թասն են քաղցրացնում քաղցրացնողները:

Ո՜նց է կյանքը փոխվել:
Երեկ Նիկոլին մեղադրում էին, թե արտահերթ ընտրություններ է դրել զոռով սարքում, էսօր նույն կողմից մեղադրում են, թե նույն այդ ընտրությունները նույն այդ Նիկոլն է ուզում… տապալել: Ու սա, չէ՜, արդեն ոչ էլ «ֆեյք նյո՜ւզ» է, սա արդեն հոգեկան լո՜ւրջ երկվություն է, ուղեղի դեռ առողջ հատվածի վրա դրված շլյո՜ւզ է…

Ո՜նց է կյանքը փոխվել:
Երեկ չէ մյուս օր Սերժը լոխ ճիշտ էր, երեկ մարդը ելավ, ասաց՝ լո՜խ սխալ եմ, էսօր, խնդրե՛մ, էլի ուզում է, որ լոխ նե՜նց խառնվի, որ էլի ճիշտ լինի:

Ո՜նց է կյանքը փոխվել:
Սոսկ մի բան չի փոխվել: Չէ՛, երկու բան. Աշոտյանը էլի «սըփրայզներ» է ուզում, Շարմազանովն էլի խոսում է, խոսում է, խոսում…
Ու Աշոտյանն, ավա՜ղ, էնքան պտի «սըփրայզ»-անակնկալ ուզի, որ Նոր տարվա շեմին «Ձմեռ պապին», ոնց որ Սերժի Վաչոյի գլխին, իրանց սաղի՜ գլխին էդ «սըփրայզը» բերի ու նե՜նց «սըփրայզ» բերի՝ անգամ հավետ խոսող Շարմազանովի խոսելու հավեսը զարմանալի կերպով փախչի, փախչի, փախչի…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ