ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին մասնավոր հատվածի
ավագ մասնագետ Թոմաս Վիսը և գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի աջակցությամբ
գյուղատնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ
(PPP) ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Գեղամ Գևորգյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առկա մակարդակը։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ PPP ձևաչափն առավել նպատակահարմար կարող
է լինել առավել լայնածավալ և հանրային նշանակություն ունեցող ծրագրերի
իրականացման համար, միաժամանակ հնարավոր է համարել դրանց իրականացումը թռչնաբուծության ոլորտում, ինչպես նաև կաթի հավաքման կայանների, տնկարանների և գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծման հարցում՝ ակնկալելով
Համաշխարհային բանկի աջակցությունը ներդրողների ներգրավման հարցում։
Թոմաս Վիսն իր խոսքում մասնավորապես կարևորել է ներդրողների համար գրավիչ
ծրագրերի կազմմանը, իրավական դաշտի կանոնակարգմանը, բիզնես միջավայրին առնչվող և մի շարք այլ հարցեր։