«Ապրիլին տեղի է ունեցել հեղափոխություն և դեկտեմբերի 9-ին տեղի է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ դա նշանակում է, որ մենք իշխանությունը վերադարձրել ենք ձեզ», -դիմելով Սպիտակ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին եկածներին, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու հավելել, -«Ուզում եմ նորից արձանագրել պահի պատմական իմաստը․ այսօր ՀՀ-ում իշխանությունը 100 տոկոսով վերադարձված է ժողովրդին: Դուք եք որոշելու՝ ով լինի վարչապետ, ով լինի պատգամավոր, ով չլինի»:
Վարչապետի պաշտոնակատարը հիշատակել է «Հանրապետականի» կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ձայն տուր Հանրապետականին» ու ավելացրել, թե ինքն էլ ասում է, որ եթե ազատ, արժանապատիվ քաղաքացի ես, պետք է ձայն չտաս «Հանրապետականին». «Ես ասում եմ՝ ձայն չտաք այն ուժերին, որոնք թեկուզ մեկ անգամ փորձել են ընտրակաշառք կիրառել: Ոչ մի ձայն այն ուժերին, որոնք ընտրակաշառք են կիրառել, ոչ մի ձայն այն ուժերին, որոնք մտածում են, որ ՀՀ-ում կարող են բռնության միջոցով հարցեր լուծել»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար շոկ է, որ այսօր կա քաղաքացի, որը վախենում է «Հանրապետականից» ու հավելել՝ եթե իմացել է, որ որևէ գյուղապետ ընտրությունների կամ որևէ այլ առիթով վախեցրել է, ինքն անձամբ գնալու է նրանց հետևից. «Վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեզ ձեր կաբինետներից: Ո՞նց, այս երկրում մարդ կա, որ համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ: Բոլորիդ «պառկըցնելու» ենք ասֆալտներին: Էս ովքե՞ր են սրանք: Ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա այդ ասֆալտների վրայից: Ու ես ոստիկանությանն ասում եմ՝ չփորձի մեկը թպրտալ, գող կլինի, ավտարիտետ կլինի: Պատերով կտանք բոլորին, պատերով: Վախեցնե՞ք քաղաքացուն․ գլուխներդ պատով կտաք, ովքե՞ր եք դուք, մի հատ ձեր անուն, ազգանուններն ասեք, դուք ծակերից չպետք է դուրս գաք, ձեր տեղը բանտերում է, դուք բանտերից չպետք է դուրս գաք, գողեր, ստահակներ»: