Մամուլում տեղեկություններ են հայտնվել առ այն, որ Թեղուտի հանքավայրի աշխատողները երեկվանից ծանուցումներ են ստանում աշխատանքի վերադառնալու վերաբերյալ: Պարզվում է` ռուսաստանյան ՎՏԲ բանկը (Թեղուտի հանքավայրը գրավադրված է այս բանկում) որոշել է վերաբացել Թեղուտի հանքավայրը: Երեկ հանքավայրի աշխատողների մի մասի հետ հանդիպել է բանկի կողմից ուղարկված, Ռուսաստանից եկած Նորայր Պետրոսյանը և հայտարարել, որ հանքավայրը առաջիկայում սկսելու է մեծ թափով աշխատել ու արտադրանք թողարկել:

Աշխատողների խոսքերով` Վալերի Մեջլումյանն այլեւս կապ չունի Թեղուտի հանքավայրի հետ, այն այժմ կառավարում է կա՛մ ՎՏԲ բանկը, կա՛մ էլ բանկի կողմից այլ սեփականատեր:

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Թեղուտի հանքավայրը դադարեցրեց շահագործումը` գործազուրկ թողնելով 1032 աշխատողի, իսկ ահա Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատագիրը շարունակում է օդում կախված մնալ: Հատկանշական է, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ է այցելելու, նրա հետ կհանդիպեն նաև գործարանի գործազուրկ մնացած շուրջ 600 աշխատող։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ