Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի թիվ մեկ խնդիրը ակտիվիստից, ընդդիմադիրից վերանալ եւ չինովնիկ, պաշտոնյա դառնալն է: Ընդ որում՝ ինչքան շուտ, այնքան լավ: Չի կարող Փաշինյանի կառավարության անդամը մասնակցի բողոքի ցույցերի, կամ փոխվարչապետը ճոխ պատվրրակությամբ եւ առաջին բորտով գործուղման գնա եւ չքննադատվի, չի կարող, քանի որ հենց նման բաների համար է ժողովուրդը ՀՀԿ-ին հեռացրել:

Ազգային Անվտանգության ծառայության կողմից խոշոր առևտրային կենտրոններում հայտնաբերած մի շարք չարաշահումների, այդ թվում բազմաթիվ ԱՁ-ների միջոցով գյուղմթերքի շրջանառությունն իրականացնելու դեպքի բացահայտումից հետո տվյալ կենտրոնների ղեկավարներն բաց նամակ են հղել վարչապետին՝ նշելով, որ տարբեր ԱՁ-ներով առևտրի դադարեցումն ու սահմանված 20% ԱԱՀ վճարման բեռը կրելու է հենց սպառողը, ինչն էլ իր հերթին կբերի գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: «Այս ամենը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ»,- իրավիճակն այսպես են գնահատել խոշոր առևտրային կենտրոնների ղեկավարները:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներին»:

Տրամաբանական հարց է առաջանում՝ դու վարչապե՞տ ես, թե՞ ակտիվիստ, գուցե ընդդեմ այս քայլի փողոց փակեք, ի՞նչ է նշանակում կոչ անել բոյկոտել: Այսօրվա դրությամբ Փաշինյանը երկրի թիվ մեկ դեմքն է, այս երկրում խնդիր կա, տարիներ ի վեր մի շարք տնտեսվարողները գործել են կոռուպցիոն դաշտում, ժողովրդի վարչապետը եկել, բացահայտել է այս ամենը եւ մենք շատ շնորհակալ ենք իրեն սրա համար: Փաստացի՝ այսօր այս տնտեսվարողները խնդրի առջա են կանգնել, եւ վարչապետը պետք է նրանց հանդիպի, քննարկի, լուծումներ առաջարկի՝ թաքցրած հարկերը վճարելու, պետության վնասը վերականգնելու, միեւնույն ժամանակ անցնցում աշխատանքը շարունակելու համար:

Իհարկե, չպետք է տուրք տալ նրանց շանտաժին, թե 10 հազար հոգի անգործ կմնա, բայց ոչ էլ պետք է արհամարհել այդ հանգամանքը, քանի որ նոր կառավարությունը դեռ այլընտրանք չի առաջարկում, դեռ այդքան աշխատատեղ չի ստեղծել, որ գրչի մի հարվածով գնա այս օլիգարխների սնանկացմանը: Հետեւաբար՝ բոյկոտի կոչերը մնացել են անցյալում՝ հեղափոխության մեջ, շարժման օրերին, բայց ոչ հիմա: Հիմա Փաշինյանը պիտի երկխոսի, խնդիրները լուծի՝ ի բարօրություն ՀՀ քաղաքացու, որ քանի դեռ աշխատավարձերը չեն բարձրացել, գնաճ չպետք է թույլ տալ, քանի դեռ նոր աշխատատեղեր չեն ստեղծվել, հները չպետք է փակել:

Աստղիկ Մարգարյան