Լեզվակռիվները կամ հեռահար թնդանոթային, իրականում պարսատիկի հզորություն ունեցող կրակոցները դարձել են մեր կյանքի անբաժան մասն, ու մենք այսպես թե այնպես պարտադրված ենք ապրել այդ իրականությունում մինչև ջրերի զուլալվելը, եթե իհարկե դրանք երբևէ նման միտում արձանագրեն:

Այս ավելի քան ռեալ տագնապն ունենալով՝ հանգիստ կարելի էր չանդրադառնալ Tert.am-ի հետ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանի զրույցին, որտեղ սույն պարոնը միանգամայն խոհեմորեն լռության մատնելով, թե ինչ արժանիքների համար է ինքը Սերժ Սարգսյանի թողտվությամբ արժանացել փոխնախարարի պաշտոնին, ակնհայտ մեծամտությամբ նախ ֆիքսում է իր փուչիկային գերազանցությունը դիմացինի նկատմամբ՝ ասելով, որ բանակում չծառայածի կողմից բանակի մասին ցանկացած միտք ինքը չի կամենում մեկնաբանել ու ապա ծակ տաշտակով վրա քշում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին՝ թիրախավորելով վերջինիս այն հայտարարությունը, ըստ որի` այսօր բանակից մարդիկ են խոսում, ովքեր 20 տարուց ավելի ՀՀ զինված ուժերը թալանած թիմի ներկայացուցիչներ են և որոնց ղեկավարությամբ այդ թալանը տեղի է ունեցել: «Այդ մարդկանց լեզուն պտտվում է և բանակի մասին են խոսում, ծպտուն չհանեք բանակի մասին, հանրապետական եք, ինչ եք, դուք թալանել եք բանակը, դուք թալանել եք երկիրը, դուք արժեքներից չխոսեք», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը չի ծառայել օրենքով սահմանված կարգով, Արտակ Դավթյանն ասել է. «Օրենքով սահմանված կարգով է, թե օրենքով սահմանված կարգով չէ, միևնույնն է, ես չեմ կարծում, որ ինքը վաստակել է իրավունք` խոսելու բանակի, մարտականության հարցերի մասին»:

Իհարկե կարծիք ունենալն ամեն մի բանական արարածի, որպես այդպիսինի, բնութագրականներից է և սույն կտրվածքով փառք ու պատիվ Արտակ Դավթյանին, սակայն խորշելին ասվածի ենթատեքստում ինքնիրավչությամբ իրեն վերապահված իրավունքի մեծամիտ արտոնությունն է ու բանակի կայացած կառույց լինելու հավաստմանը հետևած ժխտումն այդ բանակում իրականացված համահանրապետական թալանի մասին. «Եթե այդքան խոսում է թալանի մասին, և եթե թալան եղել է իր նշած միլիարդավոր գումարներով, ապա թող հետ բերի, դրանով ներդրում ապահովի, թոշակ, աշխատավարձ, նպաստ բարձրացնի, հերիք է միայն խոսա»:

Միլիարդավոր գումարները հետ բերելու, թոշակ, աշխատավարձ, նպաստ բարձրացնելու արտակդավթյանական դատողություններին համամիտ ենք ամբողջությամբ, ու եթե նա իրավ պահանջատերն է դրանց, նրա կողքին ենք, նաև նրան թև ու ու թիկունք, նեցուկ ենք, բայց որ «եթե»-ով ծայր առած նրա «արդար» անհանգստությունը նորից շարունակվում է հանրապետականական դեմագոգիայով, ակամայից ստիպված ես ընդունել կաշին փոխել չկարողանալու կարմիր կովի անկարողության մասին ժողովրդական խոսքի ճշմարտացիությունը: Մենք մեջբերենք հատվածը՝ դատողություններ անելը թողնենք ձեզ. «Դիտարկմանը, թե ձեր թիմում էլ կան չծառայածներ, կարծում եք՝ նրա՞նք էլ իրավունք չունեն խոսել բանակից, նա ասաց. «Դուք կոնկրետ հարց եք տալիս Նիկոլ Փաշինյանի ասածի առումով, ես կոնկրետ պատասխանում եմ»:


Մարկ ԽԱՆՅԱՆ