Էս ընտրությունների առավելությունը նախորդների հանդեպ ոչ միայն այն է, որ ո՛չ քվեարկող մեռել կա, ո՛չ «Գազել» ու ո՛չ «գասթրաբայթեր», այլև այն, որ աննախադեպ զարգացում ապրեց մեր ամենաթույլ տեղը՝ թեթև ատլետիկան: Այս ընտրարշավից հետո և՛ նրանք, ովքեր ինքնուրույն կհասնեն վերջնագծին, և՛ նրանք, ում լեզուն բերաններից կախված, թևերից ընկած ֆինիշ կբերեն, կսկսեն զբաղվել թեթև ատլետիկայով, որ դառնան «սթայեր» ու առաջիկա մյուս արշավների տեմպին դիմանան:
Այս ընտրարշավը թոքերի ու ոտների համար շատ առողջարար է: Ըստ այդմ՝ քիչ է միայն «դուխով» կեպին ու «դուխով» մայկան: «Դուխով» բոթաս է պետք: Եւ այսուհետև իմացե՛ք, որ ընտրարշավի ամենաառաջնահերթ ինվենտարը հենց բոթասն է լինելու: Ու որ ցրտին մարդիկ չքրտնեն հանկարծ, սաթրջան ընկնեն, «դուխով կանդիցիաներ-բուշլատներ» են պետք: Համ էլ, բա ի՞նչ եք ուզում. «քավության» քայլերթ է, բա չքրտնե՞նք: Ո՛ր մեկս ինչքան մեղք ունի, էնքան պտի քրտնի:
Դե ինչ, դիմացի՛ր ու արիացի՛ր, ո՛վ հայ ժողովուրդ. օրը 37 ու կես կիլոմետրով որ հաշվենք, մինչև ամսի 9-ը քեզ մնաց անցնես 14 x 37,5 = 525 կիլոմետր բան: Սակայն մի բան էլ հաստատ իմացի՛ր: Մի 525 էլ ընտրություններից հետո պտի անցնենք. բա ո՞նց, մի բուռ ազգ ենք, բա տարած հաղթանակի մասին մի հատ չգնա՞նք, իրար նորմալ մի հատ տեղյակ պահենք…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Հ.Գ. Վատ չէր լինի, սակայն, էս պրակտիկան կատարելագործել ու ոչ միայն Գյումրի ու Գավառ էսպես քայլերթել-գնալ, այլև Լոս ու Մոս, Փարիզ ու Մարսել. հա՜, մի բուռ ենք, բայց աշխարհով մեկ ենք. հո միայն ստե՞ղ չենք: Միայն ստեղարենք քայլերթելն, ըստ իս, էգոիստություն է. ընտեղ հայ չկա՞, իրանց «քավության» ու «քավության քայլերթի», ի՞նչ է, հարկ չկա՞…