Ուշագրավ հայտարարություն է տարածել «Թռչնարտադրողների միություն» հասարակական կազմակերպությունը, որը հարկ ենք համարում առանց միջամտության ներկայացնելու ընթերցողի ուշադրությանը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի սննդային ձու արտադրող տեղական մասնագիտացված կազմակերպություններն ու խոշոր ֆերմերային տնտեսություններն ապահովել են շուկայի պահանջարկի ողջ ծավալը: Ավելին, ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նույնիսկ արձանագրվել է ձվի ավելցուկ՝ պայմանավորված գերարտադրությամբ: Ներկայումս ձվի առաջարկի և պահանջարկի համամասնությունը կարգավորվել է՝ նպաստելով նաև ձվի գնի կայունացմանը, որն անցած տարվա համեմատ նվազել է:
Իրատեսորեն գնահատելով իրենց արտադրական հնարավորությունները՝ ձու արտադրող կազմակերպություններն ու ֆերմերները պարտավորվել են մինչև տարեվերջ, հատկապես ամանորյա նախատոնական առևտրի շրջանում, ապահովել սննդային ձվի անհրաժեշտ պահանջարկը՝ չթանկացնելով, իսկ հնարավորության դեպքում, կախված սպառման ծավալներից, նաև նվազեցնելով ձվի իրացման այս պահին հաստատված գինը:
Ըստ այդմ, հաշվի առնելով նախատոնական շրջանում արագ գերեկամուտներ ստանալու որոշ տնտեսվարողների բազմիցս արձանագրված գործելաոճը, «Թռչնարտադրողների միություն» հասարակական կազմակերպությունը դիմում է ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարությանը, համապատասխան պատկան մարմիններին՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, արգելելու օրենսդրության պահանջներին չհամապատասխանող, անորակ, առանց մակնշման սննդային ձվի ներմուծումը Հայաստան: Հատկապես, որ ձվի ներկրումները լինում են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, իսկ այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված է թռչնի գրիպ հիվանդություն և, պայմանավորված բարձր ռիսկայնությամբ, գործում են մեր երկիր ներկրելու սահմանափակումներ:
Տեղական տնտեսվարողները շեշտել են, որ ձվի ներկրման դեպքում շուկայում առաջանում են անհավասար մրցակցային պայմաններ՝ հաշվի առնելով, որ ներկրվող ձուն մակնշված չի լինում, կասկածելի որակի է և ունի ավելի ցածր ինքնարժեք:
Այս պահին ակնկալում ենք ՀՀ իշխանությունների գործուն աջակցությունը տնտեսվարողին, որն անհրաժեշտ է տեղական թռչնարտադրության ոլորտի հետագա զարգացման, հզորացման ու կայուն առաջընթացի համար»: