«Ժողովուրդ ջան, խոսել եմ և նախկինում, խոսում եմ այսօր և կխոսեմ

վաղը»:

Էդուարդ Շարմազանով

Է խոսի՜ր, ա՜յ ընկեր, բայց խոսելուց առաջ որ էդպես զգուշացնում ես, որ խոսելու ես, արդյո՞ք նորմալ բան է: Մենք՝ ժողովուրդս, միշտ էլ հոյակա՜պ տեղյակ ենք եղել, որ ձեր բերանը երբեք չի կանգնում, կամ ուտելով է զբաղված, կամ խոսելով: Ո՞ւմ ես ուզում զարմացնել կամ անակնկալի բերել: Թե՞ վախեցնում ես, ահ ես տալիս էդպես: Հարա՜յ, ժողովո՜ւրդ, փախի՜ր, փրկվի՜ր, «Ձենով Օհանը» ուզում է խոսե՞լ: Խոսի՜ր, ձայնդ՝ անսպա՜ռ: Բայց կարելի՞ է՝ մեկ-մեկ էլ ոչ թե անտեղի, այլ պատվերո՛վ խոսես:

ԽՍՀՄ օրոք հեռուստատեսությամբ հաղորդում կար՝ «Պատվերով համերգ»: Դու էլ էսօր բա՛ց էրկո՛ւ նոր հաղորդաշար՝ մեկը «Պատվերով ճառեր», ու ճառի՜ր՝ սիրտդ ինչքան ուզում է, բայց մե՛ր պատվերով ու մե՛ր հարցերով, մյուս հաղորդաշարն արդեն անվանի՛ր «Ջուր եմ ծեծում», ու ծեծի՜ր, մինչև խոնավությունից լեզուդ ծլի:

Ըստ այդմ, երկրորդ էդ հաղորդումդ թողնելով զուտ քո քմահաճույքին, առաջին՝ «Պատվերով ճառեր» հաղորդմանդ համար առաջին պատվերն եմ հենց հիմա տալիս:

Խնդրե՛մ:

Մեծարգո պարո՛ն Էդուարդ Շարմազանով, Ձեզ եմ գրում, որպես ՀՀ հպա՜րտ մի քաղաքացի, ու պատվիրում եմ, որ հիմա ձեռքդ դնես սրտիդ ու ասես. Սերժի օրոք ամիսը ինչքան էր գալիս:

Ո՜նց ի՛նչ: Փա՛յ, եկամո՛ւտ, օբյե՛կտ:

Երկրորդ տողով ձեզ պատվիրում եմ՝ ասեք, թե էդ մեռելները, որ մասնակցում էին քվեարկության, գիշերն էրազում շուտ-շո՞ւտ են գալիս ու իրենց ձայնի դեմ փա՛յ, եկամո՛ւտ ու օբյե՛կտ ուզում:

Եթե ուզում են, տալի՞ս եք. թե՞ոչ: Եթե տալիս եք, հո չե՞ք ցնդել, արա՜…

Երրորդ տողով ձեզ պատվիրում եմ՝ ասեք, թե քանի տոկոս վաստակելու հույս ունեք ընտրություններում՝ մեկից ավելի՞, թե մեկից պակաս:

Թե՞…էլ ավելի՜ պակաս: Չլինի՞ էնպես, Էդուա՜րդ, որ ընտրությունները «մինուսով» փակեք. հլա մի քանի տոկոս ձայն էլ դո՛ւք մարդկանց պարտք մնաք…

Չորրորդ տողով ձեզ հորդորում եմ. ինչո՞ւ մի հատ հայց չեք ներկայացնում Ստրասբուրգի մարդու իրավունքների ահեղադղորդ ատյան:

Ո՜նց թե ի՛նչ հայց: Բողո՛ք ու գանգա՛տ՝ ՀՀ ողջ ժողովրդի դեմ, որ փոխանակ ձեզ ուղեկցեն, ձեզ հետ ելնեն քայլերթի, առավոտից իրիկուն Նիկոլի հետ են դրել-քայլերթում:

Էդ գանգատի մեջ մի հատ հատուկ տողով պահանջի՛ր Ստրասբուրգից, որ ՀՀ ողջ ժողովրդին պատժի, ձայնի իրավունքից զրկի, որ էդ ձայները չբռնեն-տանեն-տան Նիկոլին, ընտրեն:

Գանգատի մեջ գրե՛ք, որ ժողովուրդը ձեզ արգահատում է ու ոչ միայն հետներդ ոչ մի տեղ չի գնում, այլև չի թողնում, որ դուք փողոց դուրս գաք: Գրե՜ք, որ ավտոյից մինչև մի կերպ պոկվո՜ւմ, շքամո՜ւտք եք գցվում, էդ մի քանի վայրկյանում՝ մինչ էդ անլսելի հազար բան եք լսում, ինչն էլ, որ չեք լսում, էդ չլսածը շքամուտքի պատերին եք մանրամասն կարդում և որ դուք ամեն օր գրածը ջնջում եք, իրանք ամեն օր նորից թարմացնում են՝ առավել «հարուստ» բովանդակությամբ…

Իսկ հինգերորդ տողով ու սրտի թունդ ցավով պատվիրում եմ, որ եթե էնքան խոսես, որ տնեցիք անգամ բռնեն, տնից լարեն, չդադարես հանկարծ խոսելուցդ, Էդուա՜րդ. ինքդ քեզ հե՜տ խոսիր, ինքդ քեզնի՜ց խոսիր, մինչև քեզ նկատեն, ու քեզ տանեն, որ է՛ն ընտրությանը անեն մասնակից, անեն թեկնածու, ուր ընտրում են միայն Նապոլեոն ու Լենին, ուր «ԿԸՀ»-ն՝ մաքուր, անբիծ, անկողմնակալ, էդ ձայներն է հաշվում՝ ճերմակ խալաթն հագին, ում ձայնը շատ եղավ, հագցնում զսպաշապիկ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ