Դատելով վերջին օրերի զարգացումներից՝ կարելի է ասել, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է այսպես ասած «յուղելու եւ դաղելու» քաղաքականությունը: Նախ, ԱԱԾ-ն ստուգումներ իրականացրեց Հայաստանի խոշորագույն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում և հայտնաբերեց հարկերից խուսափելու խոշոր խախտումներ: Այս օպերացիայի բոլոր դետալները մանրամասն լուսաբանվեցին լրատվամիջոցներում՝ դրվագ առ դրվագ ներկայացնելով տարիներ ի վեր պետության խոշոր վնաս պատճառած մեծ «բարերար» Ալեքսանյանի գործունեությունը: ՊԵԿ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները այս ֆոնին, մեղմ ասած, ապշեցուցիչ էին: Սամվել Ալեքսանյանի ֆենոմենալ հարստանալու գաղտնիքի մասին մեկ անգամ չէ, որ մամուլը գրել է, եւ լրագրողներից լավ կիրառվող խարդախ մեխանիզմների մասին իմացել են ՊԵԿ բարձրաստիճանները, ՀՀ իշխանությունները, ովքեր կամ չեն կարողացել վերջ տալ այս ամենին, կամ պարզապես ցանկություն չեն ունեցել որեւէ քայլ անելու: Վերջիվերջո, շատերի համար գաղտնիք չէ, որ ստվերում գործելու գինը Սամվել Ալեքսանյանը թանկ է վճարել՝ սեւ բյուջե գումարներ վճարելով, որոնք ծառայել են բարձրաստիճան պաշտոնյաներին, ՀՀԿ-ին, ընտրություններին:

Աղմկահարույց ստուգումներից հետո կառավարությունը որոշեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տալ սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն: Այս որոշումը պայմանավորված է «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Փաստորեն՝ Փաշինյանը մի ձեռքով դաղում, մյուս ձեռքով յուղում է Ալեքսանյանին, մինչդեռ թվում էր, թե նման խոշոր կոռուպցիա հայտնաբերելուց հետո Ալեքսանյանի բոլոր բիզնեսները պետք է ստուգվեն, ոչ թե արտոնություններ տան:

Հաջորդ ՀՀԿ-ականը, ով հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն է, նախ ԿԳնախարարը արգելեց բուհերին նրա երիտասարդական հիմնադրամին գումարներ փոխանցել: Զգալով մոտալուտ վտանգը՝ «Փուչիկ Կարեն» մականունով հայտնի ՀՀԿ-ականը առաջին քայլը արեց՝ փուռը տալով իր աշխատակցին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանը դիմում ներկայացրեց ՔԿ, ըստ որի՝ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Այս ամենի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Այստեղ ուշագրավ է այն, որ Կարեն Ավագյանը հենց այս բացահայտումների ֆոնին է իմացել իր տնօրենի այսպես ասած չարաշահումների մասին եւ նախաձեռնողականություն է ցուցաբերել: Իսկ ամենածիծաղելին այն է, որ նոր կառավարությունը եւս մասնակից է այս կրկեսին: ԿԳնախարար Արայիկ Հարությունյանը այնքան է հավատացել, որ հիմնադրամի տնօրենը ինքը իրենով է չարաշահում արել, եւ Ավագյանը անկեղծ է կոռուպցիան բացահայտելու իր մղումներում, որ իր հերթին կոչ է արել Երիտասարդական հիմնադրամի տնօրենին համագործակցել իրավապահների հետ, ավելի լավ չէ՞ր լինի տնօրենի հետ զրուցել եւ բացահայտել ճշմարտությունը: Այստեղ են ասել՝ դե եկ ՀՀ հպարտ քաղաքացի եւ մի խելագարվի:

Աստղիկ Մարգարյան