Հներով հավաքվե՜ք, մի հատ նո՜ր կոալիցիա կազմեք:
Հա՛: Ֆեյսբուքո՛ւմ: Վիրտուա՛լ կոալիցիա:
Խնդրե՛մ, Շամազանովն արդեն ԱԺ-ից իրա «վեշերը» հավաքել, մտել է ֆեյսբուք: Տղեն իր համար փաստորեն մի հատ նոր ու խոստումնալից գործի տեղ է ճարել: Եւ ուրեմն փողոցներից ու հրապարակներից, հանրահավաքներից ու առհասարա՜կ մարդամիջից բոլոր քշվածներովդ, ժամանակի քամո՛ւց բոլոր էդ քշվածներովդ իրար «ա-ո՜ւ» ասեք, իրար գտե՛ք, եկե՛ք, հավաքվե՛ք, մտե՛ք ֆեյսբուք, գրանցվե՛ք ու էլ ըտեղից հեչ դուրս չգաք:

Մտե՛ք ֆեյսբուք ու ձեր էդ կոալիցիային մի հատ անուն դրե՛ք: Ասենք՝ ՍՍԿ՝ Սխալված սակրավորների կոալիցիա: Լավ էլ կսազի: Քանզի սխալված սակրավորը միայն մի՛ տեղ՝ վիրտուալ աշխարհո՛ւմ, կարող է այլևս գոյություն շարունակել: Ֆեյսբուքը ձեզ՝ աստրալ, ձեր էջը ձեզ՝ մենթալ: Մտե՛ք:

ճիշտ է, սկզբից մի քիչ դժվար կըլնի, քանզի էն քոմենթները, որ ձեզ կգրեն, քարին եթե գրեն, քարը ոչ միայն կճաքի, այլև կգլորվի, որ իրան մոտակա ջուրն ամոթից գցի: Բայց դուք չեք գլորվի ու դուք չեք ճաքի: Իսկ եթե ձե՛զ գլորեն ու ջուրը գցեն, չէ՛, դուք չեք սկի, քանզի դուք քար չեք, ուրի՛շ… «սուբստանց» եք:

Ֆեյսբուքն ըտեղ ձեզ կառաջարկի, թե՝ «թարմացրե՛ք ձեր տվյալները»: Դուք թարմացրե՛ք, բայց չվախենա՛ք, երբ թարմացնելուց հետո՛ էլ հոտը չկտրվի. 20 տարվա հոտ է. ո՞նց օդափոխվի:
Հետո ֆեյսբուքը ձեզ հարց կտա, թե «մտքինդ ի՞նչ է». ոչ մեկդ կատեգորիկ կերպով ու կտրականապես չփորձի՜-ասի իրա մտքինը ու նամանավանդ իրա սրտի՛նը,. ասիք՝ սա՜ղ ֆեյսբուք, հավեսի ընկած, իր մտքինը կասի, ու սա՜ղ էդ ասածը ձեր մասին կըլնի:
Հետո կսկսեն ձեզ քոմենթներ գրել: Լեզվի տեսչության խիստ հրահանգով՝ ասված «անցենզուր» բառերի տեղը թե կետեր դնենք, ահա այսպիսի քոմենթներ կգան. «…………, էղա՞վ, ա՜յ……..», կամ՝ «Դուք՝…………դ, ձեր………….առե՛ք, ստեղից………. գնացե՛ք, քանի ձեզ………., հասկացա՞ք, ա՜յ……….»…
Մի խոսքով՝ ձեր ողջ նոր կոալիցիայով գնալով բուռն ու թունդ… «կհիշվեք», քանզի գնալով ավելի բուռն ու ավելի թունդ կդառնան ձեզ «հիշող» «հիշոց-քոմենթները»:

Այս ոգով ստացած քոմենթները դուք, բնականաբար, անընդհատ կջնջեք, բայց ինչքան ջնջեք , երկու էդքան հա՜ կավելանա, վերջն էլ չեք հասցնի իրանց հետևից ու դուրս կգաք ձեր մտած ֆեյսբուքից, մինչև խախանդվեն, նոր նորից մտնեք: Բայց հենց կամենաք նորից մտնել, կպարզվի, էդքան «հիշվելու» արդյունքում, ավա՜ղ, ոչ միայն «պարոլն», այլև ձեր «նիկն» ու անունն եք անհետ մոռացել:
Այսպես կավարտվի ձեր գործունեության ֆեյսբուքյան էտապը ևս, ու դուք փողոցներից ու հրապարակներից, հանրահավաք ու մարդամիջից քշված, հիմա էլ կդառնաք վիրտուա՛լ կյանքից «հիշված» ու քշված, կզրկվեք գոնե բազմոցին նստա՛ծ միտինգ անելու հեռանկարից:

Ի՜նչ կարաս անես, ո՜վ մերժված-«հիշված»-քշված «գումարտակ», ոչ միայն «դուրսն» է ախր Նիկոլինը, այլ նաև «ներսն» է նույն Նիկոլինը:
Դրսից քշվեցիք՝ ներսից էլ կքշվեք: Էնքան որ մի հատ կամա՜ց ասեն՝ քը՜շ, 100, 200 հազարով մեկտե՜ղ կամաց ասեն՝ քը՜շ.…
Էս դեպքի համար մեր հանճարեղ ժողովուրդն իր հանճարեղ խոսքն ունի պատրաստած.
-Դուրս ես տանում՝ մրսում ա, ներս ես բերում՝ …. ա:
Արդիականացնենք.
-Դուրս ես տանում՝ մերժվում ա, ներս ես բերում՝ «հիշվում» ա…


Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ