Վերջին օրերին մթերային առևտրի խոշոր կենտրոններում բացահայտված ահռելի չարաշահումների հետևանքով սպասվող գնաճը տնտեսագետ Արտակ Մանուկյանը անխուսափելի է համարում: Մեր զրուցակցի խոսքով, եթե տվյալ պարագայում սկսվում է ստվերի դեմ պայքար, ապա պետք է պատրաստ լինենք նաև դրանից բխող կտրուկ թանկացումներին և գնային ճնշումներին:

Նշենք, որ Ազգային Անվտանգության ծառայության՝ խոշոր առևտրային կենտրոններում հայտնաբերած մի շարք չարաշահումները, այդ թվում բազմաթիվ ԱՁ-ների միջոցով գյուղմթերքի շրջանառությունն իրականացնելը տվյալ կենտրոնների ղեկավարներն իրենց տարածած բաց նամակում վստահաբար հղում են տալիս ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությանը: Ավելին վերջիններս հավատացնում են, որ տարբեր ԱՁ-ներով առևտրի դադարեցումն ու սահմանված 20% ԱԱՀ վճարման բեռը կրելու է հենց սպառողը, ինչն էլ իր հերթին կբերի գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: «Այս ամենը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ»,- իրավիճակն այսպես են գնահատում խոշոր առևտրային կենտրոնների ղեկավարները:

Սակայն տնտեսագետ Արտակ Մանուկյանը վերջիններիս բացատրությունները՝ արված խախտումների և թանկացումների վերաբերյալ, միֆ է համարում, որն ըստ նրա, տարիներ շարունակ կերակրվել է հանրությանը: «Ցանկացած երկրում գնաճը սովորական և անխուսափելի երևույթ է, բայց կա նաև դրա լուծման տարբերակը ևս: Իսկ առևտրային խոշոր կենտրոնների ղեկավարների մտահոգությունը թանկացումների վերաբերյալ կեղծ են, քանի որ առևտրային ոլորտը հարկային օրինական դաշտ բերելով և կոմպենսացնելով խնդիրը ժամանակի ընթացքում կկարգավորվի»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց տնտեսագետը:

Արտակ Մանուկյանը նաև չի ընդունում այն տեսակետը, թե ՓՄՁ-ները պետք է առավելություն ունենան սուպերմարկետների, խոշոր առևտրի կենտրոնների նկատմամբ, կամ հակառակը.«Չեմ ընդունում այդ տեսակետը, քանի որ կա մրցակցային դաշտ և օրենքի առաջ հավասար լիազորություններ: Ժամանակն է, որ ՍՊԸ-ներն ու ՓՄՁ-ները, այսինքն առևտրային բոլոր ցանցերը հարկվեն նույն սկզբունքով, առանց արտոնությունների: Ըստ իս՝ 2019թ սկսվելու է նոր հարկային շրջան»,- ասում է մեր զրուցակիցը:

Տնտեսագետը նաև կարծիք հայտնեց, որ կարելի է բիզնես ոլորտում խախտումներ թույլ տված ղեկավարներին ուղղվելու հնարավորություն տալ, իսկ եթե չարդարացնեն սպասելիքները՝ պատժել օրենքի ողջ խստությամբ:

Հավելենք, որ Երևանի սուպերմարկետներում մսամթերքի և գյուղմթերքի գները բարձրացել են Ազգային անվտանգության ծառայության՝ անցած շաբաթ իրականացրած գործողություններից հետո։ Օրինակ, տավարի մսի 1 կգ-ն 2700 դրամից հասել է 3700 դրամի։ ԱԱԾ-ն հայտարարել է նաև սուպերմարկետների 11 խոշոր ցանցերում չարաշահումների մասին։ Կառույցը ստուգումներ է իրականացրել Հայաստանի խոշորագույն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում և հայտնաբերել հարկերից խուսափելու խոշոր խախտումներ: Նյութին կից ներկայացնում ենք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մի շարք խոշոր առևտրային կազմակերպությունների ղեկավարների կողմից երեկ գրված բաց նամակը.

Արմինե Միքայելյան