Հայի և գերմանացու գեներով լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակը իսկական տոն էր, կարելի է ասել, ողջ աշխարհի համար։ Անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս փետրվարին, Երեւանում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մաեստրոյի ներկայությամբ: Մի քանի անգամ Հայաստան այցելած երաժիշտը մամուլի հետ զրույցում ասել էր. «Միշտ սիրով եմ վերադառնում Հայաստան, կնոջս հետ ունկնդրում բարձրարվեստ երաժշտություն եւ ինձ զգում ինչպես տանը: Ափսոսում եմ, որ հայերենին չեմ տիրապետում»:

Հոբելյանական համերգներին Պենդերեցկու ստեղծագործությունների մեկնաբանմամբ հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, պետական սիմֆոնիկ, կամերային, Ազգային օպերային թատրոնի նվագախմբերը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հրավիրված էին նաև լեհ ճանաչված երաժիշտ-մենակատարներ:

Պենդերեցկի կոմպոզիտորի միջազգային մակարդակով առաջին հրապարակային ելույթը կայացել է 1959 թվականին Վարշավայում: Այդ նույն տարում նա գրել է Հիրոսիմայի զոհերի հիշատակի պատարագ, որի համար արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին: Պենդերեցկու կարիերայում բեկումնային էր 1966 թվականը. նրա առաջին խոշոր աշխատանքի՝ «Չարչարանքներ ըստ Սուրբ Ղուկասի» պրեմիերայից հետո նա համարվեց ամենաականավոր կոմպոզիտորը Ստրավինսկիից հետո:

Հռչակավոր երաժիշտը արժանացել է «Գրեմմի» մրցանակի թիվ 2 թավջութակի կոնցերտի համար: Ի դեպ, այն կատարել է աշխարհահռչակ Մստիսլավ Ռոստրոպովիչը: Կոմպոզիտորի 4-րդ սիմֆոնիան՝ գրված Ֆրանսիայի կառավարության պատվերով, ղեկավարել է մեծանուն Լորին Մաազելը:

Վերջերս Վարշավայում Պենդերեցկու ծննդյան հոբելյանը նշվեց նրա ստեղծագործությունների փառատոնով՝ աշխարհահռչակ երաժիշտների ներկայությամբ: Բավական է նշել հրավիրյալ դիրիժորներից մեկ-երկուսի անունները՝ Քրիստոֆ Էշենբախ, Լեոնարդ Սլատկին, Վալերի Գերգիեւ, Մաքսիմիլիանո Վալդես։ Դիրիժորական աստղաբույլում էին նաեւ Էդուարդ Թոփչյանն ու Սերգեյ Սմբատյանը: Թոփչյանը ղեկավարել է կոմպոզիտորի 5-րդ, Սմբատյանը՝ 2-րդ սիմֆոնիան: Այս մասին են գրում նաև արտասահմանյան մամուլում, ինչը փաստում է հայազգի երաժիշտների մեծ համբավի ու հռչակի մասին։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ