«Անսխալական մարդ չկա»:

«Արել ենք սխալ, ներողություն ենք խնդրել մեր ժողովրդից, եթե դա սխալ է»:

Արթուր Բաղդասարյան

Հիմա արել ե՞ք, թե՞ չեք արել, պարո՛ն Բաղդասարյան: Եթե «ներողություն ենք խնդրել մեր ժողովրդից»՝ ընտի՜ր շողոքորթության հատվածը հանենք, ստացվում է այս. «Արել ենք սխալ, եթե դա սխալ է»… Եւ ուստի նույն հարցն ընդլայնվա՛ծ եմ տալիս. հիմա արել ե՞ք, թե չե՞ք արել, պարո՛ն Բաղդասարյան, ու եթե արել եք, էդ արածը հիմա սխալ էր, թե՞ ոչ: Էդ մարսերենը ո՞վ է հասկանում: Դրանց լեզուն անգամ Գալուստն է դժվար հասկանում: Գալուստի՜ն անգամ տվիք ու անցաք, պարո՜ն Բաղդասարյան: Էս ի՞նչ հայերեն է: Կամ Գալուստի ավարտած բանասիրականն եք ավարտել, պարո՛ն Բաղդասարյան, կամ Գալուստի չավարտա՛ծ բանասիրականն եք ավարտել, պարո՛ն Բաղդասարյան:

Ինչ վերաբերում է սակրավորներին, ապա, գիտեք, որ քաղաքական դաշտը նույնպես «ականապատված» է, և քաղաքական գործիչները նույնպես «սակրավորներ» են, ու գիտեք նաև, որ սակրավորը նույնպես ձեր խոսքերով «անսխալական չէ», մի վերապահությամբ. ինքն իր սխալը չի կարող ուղղել, ուղղակի ֆիզիկապե՛ս չի հասցնում ուղղել: Հաստա՛տ բան եմ ասում. պատմության մեջ դեռ ոչ մի «ոչ անսխալական» սակրավորի չի հաջողվել իր սխալը ուղղել: Մի տարբերակ կա, եթե դուք, հեռու Ղազարոսից, Ղազարոսն եք, իսկ ձեր իմիջմեյքերը՝ հեռու Հիսուսից, Հիսուս Քրիստոսը:

Արդյունքում՝ Ձեր բոլոր հարցազրույցները լսելուց հետո ես անձամբ եկա մի եզրակացության: Պարո՛ն Բաղդասարյան, էն մյուս սխալված սակրավոր Էդուարդ Շարմազանովը, քանի որ փողոց ու հրապարակ ելնելու ու էդտեղ միտինգ անելու հնարավորությունից հասկանալի պատճառներով զրկվեց, մտել է ֆեյսբուք, էնտեղ է ուզում հանրահավաք անել: Դուք է՜լ մտեք ֆեյսբուք, պարո՛ն Բաղդասարյան: Մտե՜ք, ըտեղ սիրո՜ւն բոլոր ձեր հներով մի հատ նոր, բայց վիրտուալ կոալիցիա՛ կազմեք ու առավոտից իրիկուն, առանց շտապօգնություն րոպեն մեկ կանչելու, հանրահավա՜ք արեք. ո՛չ վրաներդ բան կշպրտեն, ո՛չ էլ քարերով ձեզ տուն կլարեն: Շա՜տ-շա՜տ քոմենթ գրեն, ջնջեք, էլի՛ գրեն, բայց հո՞ վերջը դուք էլ ձեր էն փափագածին՝ քաղցր «ձայն բազմաց»-ին, էդկերպ կարժանանաք: Օրը հարյուր հազար էդպես ձայն կստանաք: Բայց մի խնդրանք ունեմ. ոչ մի դեպքում ոչ մի գրած հանկարծ չկարդաք: Թե կարդացիք, տեղում ոչ միայն ձեր էլեկտրոնային, այլև տա՛ն հասցեն տեղում կմոռանաք, ու դրսում որ լարեն, ո՞ւր պիտի գնաք. «Օրինաց երկի՞ր»: Բայց ախր պարզվեց, որ տենց բան… չկա:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ