Հարգելի գալիք ընտրողներ, քանի որ մենք քաղաքականապես կողմնորոշվել ենք (մենք ասելով՝ նկատի ունեմ ինձ ու տասնամյակների հավատավոր կողակցիս), կամենում ենք ձեզ ևս կողմնորոշել: Այսինքն՝ հորդորել, կողմնորոշել, սատարել, որ կարողանաք ճիշտ ընտրություն անել՝ չքարկապվելով զանազան նախընտրական խոստումների սարդոստայնում:

Նախ պետք է հստակ գիտակցել, թե ձայնդ տալով՝ ո՞ւմ ես գործուղում խորհրդարան: Գիտակցելուց հետո նաև պետք է հիշել, որ գալիք խորհրդարանն է երկրի իրական կառավարիչը, ոչ թե Նիկոլը, զի մենք, համաձայն Վենետիկի հանձնաժողովի կողմից ուշի-ուշով բռնաբարված ՀՀ սահմանադրության, խորհրդարանական պետություն ենք:

Միով բանիվ՝ չենք հորինում մի նոր եռանիվ հեծանիվ և մտովի կերտում ենք ընտրվելիք կուսակցության և վարկանիշավոր անձի խորհրդարանական կերպարը: Շա՛տ կարևոր է, որ կուսակցությունն իր խոստումներից յուրաքանչյուրը հաստատի դրույթներով: Օրինակ, եթե ասվում է, որ էապես բարձրացնելու են թոշակների չափը, ապա այս քաղխոստումը պետք է հաստատվի մոտավորապես նման հուժկու երդմամբ՝ ‹‹Մեր պապերի թուր-թվանքի առաջ չոքած ենք սույն խոստումը հաստատում››, որ եթե խոստումն այդ հանկարծ չկատարվի, այդ թուր-թվանքը եթե ոչ բուն, առնվազն փոխաբերական կիրառությամբ գործադրվի երդմնազանցների նկատմամբ: Անշուշտ զորնդեղ այլ տարբերակներ էլ կան, սակայն դրանք քննարկելիք թեմաներ են, կոնսենսուսի բերման ենթակա, ուստի դրանց վրա ժամանակ չվատնենք:

***
Վարկանիշային թեկնածուն նախ պետք հաստատի, որ ինքը զտարյուն հայ-արիացի է, ասել է թե՝ արմենոիդ:
Ինչպե՞ս:
Ահա այսպես՝ վերջինիս գանգը պետք է համապատասխանի արմենոիդային գանգատեսակի հիմնական չափորոշիչներին՝ հստակ արտահայտված ճակատ, համաչափ զարգացած քունքոսկրեր, ատամների եռաստիճան՝ կտրիչ, ժանիք, աղաց դասավորությամբ և այլն: Շատ կարևոր է թեկնածուի աչքերի կտրվածքը: Անվերապահորեն մերժեք (իմա՝ սերժեք) նրանց, որոնց աչքերը շեղանկյուն են, զի նրանք մոնղոլ-թաթարական արտավիժանք են:

Բացի սա գալիք պատգամավորը պետք է լինի այն մեկը, որը երբևէ չի քծնել որևէ իշխանավորի, չի անդամակցել ՀՀԿ-ին, Սորոսի դրամաշնորհներից չի օգտվել և հստակ պատկերացնում է, որ ՀՀ գերագույն օրենսդիր, այժմ արդեն ղեկավար մարմին խորհրդարանն այնուամենայնիվ խորտկարան չէ:
Առայժմ այսքանը:

Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ
համահեղինակ՝ Համեստ ԲԵԿ-ՄՐՐԻԿՅԱՆ