«Ոչ մեկ նրանց (ՀՀԿ-ին) չի խանգարում գնալ Գեղարքունիքի մարզ կամ ուրիշ մարզ և հանրահավաքի միջոցով շփվել քաղաքացիների հետ, այլ բան, որ, կարծում եմ, դա նրանց մոտ չի ստացվի»:
Լենա Նազարյան
«Լենա Նազարյանին ասե՜ք՝ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով: Իսկ այդ չափանիշներով գործող ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ: Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվել այն սահմանափակումներին, որոնք առկա են ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համար: Ով ինչ կարող է անել կամ չանել յուրաքանչյուրի գործն է, իսկ դուք արեք այն ինչ կարող եք և քանի դեռ կարող եք, բայց մի մոռացեք սահմանափակումների մասին»:
Արփինե Հովհաննիսյան

Կարո՞ղ եք ասել՝ ինչ է հիշեցնում հայոց աշխարհի այս երկու փափկասուն տիկնանց հեռակա «ճակատամարտը»: Հենց հիմա ասեմ: «Մեր մանկության տանգո» ֆիլմի Հռուբենի երկու «կանանց»՝ «պեռվի լեննագանսկի ֆռոնտի» Սիրանուշի ու «ֆտառոյ բելառուսկի ֆռոնտի» Վարդուշի՝ բանտի պատի տակ եղած «ճակատամարտը»՝ մի տարբերությամբ. թե ֆիլմում դրանց արանքն ընկածը դրանց ձեռը կրակն ընկած խեղճ միլիցիոներ Մեսրոպն էր, ապա այս երկու տիկնանց կռվի ձեռը կրակն ընկածը սոցիալական ցանցերն են այսօր: Թեպետ որ ուշադիր ես լսում «պեռվի գռաժդանսկի ֆռոնտի» ու «ֆտառոյ ռեսպուբլիկանսկի ֆռոնտի» էս երկու «սապյոռ-սակրավորների» այս «ոչ ստացիոնար» լեզվակռիվը, ուզում ես, որ էդ երկու տիկնայք իրենց զրույցը, ի՜նչ կըլնի, շարունակեն, քանզի էնքան զվարճալի է, որ տրամադրություն է մեկեն բարձրացնում:
Խնդրե՛մ, նորի՛ց լսենք-վերհիշենք:
Լենա - Ոչ մեկ նրանց (ՀՀԿ-ին) չի խանգարում գնալ Գեղարքունիքի մարզ կամ ուրիշ մարզ և հանրահավաքի միջոցով շփվել քաղաքացիների հետ, այլ բան, որ, կարծում եմ, դա նրանց մոտ չի ստացվի…
Արփինե - Լենա Նազարյանին ասեք՝ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով…

Հիմա էլ սա՛ լսենք-վերհիշենք:

Սիրանուշ - Մես-րո՜պ, կարծեմ ես ու Ռուբենը հլը զագսով չենք բաժնվել, ի՞նչ ըսիր Վարդուշին:
Մեսրոպ - Վարդուշին ըսի, օր Ռուբենը ստեղ չէ, տարել են աշխադելու:
Սիրանուշ- Հըբը ընչի՞ լաց կեղնի:
Մեսրոպ - Եսի՞մ, իրան հարցրու:
Սիրանուշ - Մեսրոպ ջան, ընձնեն բան մի պահե: (Ինքն էլ է սկսում լաց լինել):
Մեսրոպ - Հա՜յ-հա՜յ, քեզ ի՞նչ էղավ, դու ընչի լաց կեղնիս:
Սիրանուշ - Ռուբենս ի՞նչղ է, հաց կերե՞լ է:
Մեսրոպ - Տո իրան ի՞նչ է էղել, օր հաց չուդե, դու քեզի աշե:
Վարդուշ - Մեսրոպ ջա՜ն, մե րոպե՞մ:
Մեսրոպ - (Սիրանուշին) Մե րոպե՛մ:
Վարդուշ - Մեսրոպ ջա՜ն, մոռացա քեզի հարցնեմ…
Մեսրոպ - (Վարդուշին) Ո՜չ մի բան էլ չմոռացար, ամեն ինչ ըսեցիր…

Ինչ ուզում ես արա, իրարից «խռով», իրար հետ «չխոսող» երկու հայ կնոջ նման միջնորդավորված «երկխոսությունը», երբ ու որտեղ էլ այն կայացած լինի, երբեք չես խառնի երկու այլազգի կանանց «երկխոսության» հետ, քանզի մերն աննմա՜ն բան է:
Ըստ այդմ՝ երեկվա իշխանավոր ՀՀԿ-ի «Սիրանուշը», այսօրվա նոր իշխանավորին՝ «Վարդուշին», «իշխանական ռեսուրսի շահագործման» մեջ է մեղադրում: Ինչո՞ւ: Որովհետև քանի դեռ իրեն ընտրողը՝ «Հռուբենը», իրենն էր, էդ նույն «չարաշահումը» չարաշահում չէր, հենց «Հռուբենն» արդեն իրենը չէ, այլ իր մրցակցուհունն է, արդեն «չարաշահում» է… Ուստիև հիմա նախկին «չարաշահող» Սիրանուշ-Արփինեն ասում է, որ էդ մասին ասեն ներկա «չարաշահող»Վարդուշ-Լենային. «Լենա Նազարյանին ասե՜ք »

Կամ, հիշո՞ւմ եք, ի պատասխան Վարդուշին «զարգող» Հռուբենին ուղղված Սիրանուշի կշտամբանքին տրված Վարդուշի պատասխանը. «Լավ կենե կզարգե, դու մեր գործերին մի՛ խառնվի»:
Հիշեցի՞ք:
Դե հիմա էլ է՛ս տողերը հիշեք. «Ոչ մեկ նրանց (ՀՀԿ-ին) չի խանգարում գնալ Գեղարքունիքի մարզ կամ ուրիշ մարզ և հանրահավաքի միջոցով շփվել քաղաքացիների հետ, այլ բան, որ, կարծում եմ, դա նրանց մոտ չի ստացվի»…

Ի՜նչ աննման նմանություն է, չէ՞…

Ու մեր նորօրյա «Սիրանուշն» ու «Վարդուշը» լեզվակռիվ դեռ էնքան կտան, մինչև «Հռուբենը» վերջնականապես կողմնորոշվի, թե ումն է լինելու: Ու որպեսզի «Սիրանուշը» չպահանջի «Հռուբենից», «օր իրեն զարգե» ու, մերժում ստանալով, այլևս դառնորեն չասի՝ «Վարդուշը քուգդ է, էդոր համար կզարգես», ապա պետք է համբերել մինչև ընտրություններ: Իսկ մինչ այդ մեր մամուլն ու սոցիալական ցանցերը, ճարահատ, պիտի միջնորդ-հաշտարար Մեսրոպի դերը առայժմ ստանձնեն, որ էդ անխիղճները շատ չխորանան, սկսեն իրար մազերից քաշել:

Մի բան էլ կա, որ չեմ կարող չասել: Թե այս չքնաղ ֆիլմի չքնաղ հերոսուհիներ Վարդուշն ու Սիրանուշը իրենց ընտրողի՝ աննման Ֆռունզի ու իր վարպետ եղբոր կերտած Հռուբենի սիրո՛ համար էին կռվում, ապա մե՛ր «Վարդուշն» ու «Սիրանուշը» իրենց ընտրող «Հռուբենի» տալի՛ք ձայների համար են, ավա՜ղ, առաջին հերթին կարծես թե կռվում…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ