«Մոտենում են իմ ընկերներին, որոնք հանդգնում են գալ իմ շտաբ, երեւի դրսում ԱԱԾ-ից մարդ կա, տեսնում են՝ ով է գալիս, հետո մոտենում են, ասում են՝ քեզ պե՞տք է, բա չես վախենում, որ գործից կհանեն եւ այլն»:
Արմեն Աշոտյան
«Հուսանք՝ մի օր ինքն ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»:
Էդուարդ Շարմազանով


Լուսահոգի պապս զահլա տանող, բայց ձեռքից բան չեկող նման «գործիչներին» «ծակ պրոֆեսոր» էր ասում: Պապս փուչիկը նկատի ուներ, ծա՛կ փուչիկը, որ թռվռում է, բայց կամա՜ց փուքսը թողնում ու լաթ է դառնում, ոտատակ ընկնում:
Ասել եմ արդեն՝ Շարմազանովը անկապ խոսող է բայց սկզբունքայի՛ն անկապ խոսող է: Կարծես սխալվել եմ. Շարմազանովը շշշշա՜տ անկապ խոսող է: Բայց պարզվում է, որ լավից լավն ու շշշշատից շշշշշշշշատն էլ կա. դրա անունը Ա. Աշշշշշշշշշշշշշշշոտյան է:

Ասա՛ ձեր ինչ ցավն է՝ Նիկոլը քայլո՞ւմ է, թե՞ քայլերթում է, Նիկոլը Գավառո՞ւմ է թե՞ ա՛յլ գավառում է: Դո՜ւք էլ գնացեք, դո՜ւք էլ քայլերթեք: Ո՞վ է ձեզ խանգարում: Նեղացել եք, որ ժողովուրդը ձեզ չի՞ ուղեկցում: Բայց այդ պարագայում է՞լ Նիկոլն է մեղավոր: Է լա՜վ լինեիք ժողովրդի հետ, թող ձե՛զ ուղեկցեր: Ժողովուրդը ձեզ հետ տեղ չի ուզում գնալ: Ի՞նչ եք ուզում, վա՜յ:

Մի ժամանակ ափներդ կորցրել, ծովը ծնկներիցդ էր, հիմա սկում եք՝ փրփուրից եք կախվե՞լ: Ի՜նչ ասեմ, պի՛նդ բռնեք էդ փրփուրից, մա՜րդ ես, գուցե պահի՝ փրկվեք, չսկեք:

Բայց ավելի խելացի տարբերակ կա ախր. էդ փրփուրներից կախվելու տեղա՛կ ու էդպես ստից փրփրելո՛ւ տեղակ մի քիչ ինքներդ ձեզ դրեք-հեգնե՛ք, ինքներդ ձեզ մի քիչ ձե՛ռ առեք, համ ժողովրդին կզվարթացնեք, համ էլ համախոհ ձեզ կդարձնեք:
Թե չէ «ԱԱԾ-ն գալիս, հաթաթա է ձեր ընկերներին տալիս, ու ահ է տալիս, որ ձեր շտաբի ճամփեն մոռանան» պատճառաբանությունն էդ, կներեք, ո՛չ սրամիտ, ո՛չ էլ խելքին մոտիկ է, ավա՜ղ, էսօր հնչում:

Չեմ կարծում, թե ԱԱԾ-ի դարդը կտրվել է, որ նման բան անի, այն էլ ձե՛ր դեմ, ում շտաբից առանց ԱԱԾ-ի հորդորի էլ արդեն հեռու են փախչում, քանզի զահլա՞ ունեն գան, սկողի կողքին անկապ թպրտան, սկողի հետ իրենք էլ փրփուրից կախվեն, բա որ էդ սկողը, տեսավ փրփուրը իրեն չի փրկում, իրենցի՞ց կախվեց, իրե՞նց էլ քաշեց, իրե՞նց էլ իր հետ ջրատակ արեց…

…Հա՛, շուտով էդ «ծակ պրոֆեսորական փուչիկների» փուքսը որ լրի՜վ թողեց, շատերը շուտով «ջրատակ կըլնեն» ու նորից կերթան իրենց հարազատ ու հարմար տեղը կբնակեցնեն. ջրի հատա՛կը ու ջրի տա՛կը, որտեղ եղածին ինչ են անվանո՞ւմ: Ապրե՛ք: Ճի՛շտ կռահեցիք: Բայց կռահածն էդ եկե՛ք չբարձրաձայնենք:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ