Եթե նկատել եք, ՀՀ հպարտ քաղաքացիները կամ պահանջագիր են ներկայացնում գործող վարչապետին ու գործադիր մարմնին, կամ էլ խրատ են կարդում:

Առաջարկներ չկան:
Հպարտ քաղաքացիներից ամենաակտիվը տեսաբան-վերլուծաբաններն են, որոնք ոչ պահանջագիր են ներկայացնում, ոչ էլ, հասկանալի է, խրատում են: Նրանք գիտատեսական մտքեր են հրապարակ նետում և վերլուծական ռեբուսներով ծանրաբեռնում են առանց այդ էլ գերծանրաբեռնված կառավարական մտքի պահոցները:
Ոչինչ չեն առաջարկում:

Այստեղ մեզ իրավունք վերապահենք մի նուր դիտարկման ու ասենք, որ առաջարկը սկզբունքորեն տարբերվում է խրատից, պահանջագրից, վերլուծական ռեբուսից և գիտատեսական մտքից: Եթե ձեզ նեղություն տաք ու հարցնեք, թե այդ ինչով են զանազանվում, անվարան կպատասխանենք՝ գործնական ազնվությամբ: Եվ ահա հրապարակ ենք իջեցնում մեր ազնվագործ առաջարկը, ընդ որում, իջեցնում ենք հենց Հանրապետության հրապարակում, ի մատուցում ՀՀ Կառավարական տանը:

Հարգարժան կառավարություն, պատվարժան հայոց գերակա կառավարիչներ (այն է՝ ՀՀ վարչապետ, 1-ին փոխվարչապետ, մնացյալք փոխվաչապետեր ու այլք), հանրային մեր կյանքը երկու քայլ առաջ է ընթանում, սակայն որոշ նշանակալից խնդիրներում, շատ կներեք, դոփում է տեղում:
Վերնագրում հատկանշված խոշոր խաղացողները նախկին քրեաօլիգարխներն են, ներկա մեծահարուստները:

Տնտեսական, առհասարակ, պետականաշինության հարցերով տառապող վերոհիշյալ տեսաբանները, վերլուծաբանները, գրբացներն ու բախտագուշակները համոզված պնդում են, որ երկրի տնտեսությունը կբուժվի քրոնիկական ճողվածքից, եթե փոխվի խոշոր խաղացողների ստատուս քվոն, եթե նրանք (այն է՝ նախկին քրեաօլիգարխներն ու ներկա մեծահարուստները) բարեպաշտության սաղմոսներ երգեն յուրաքանչյուր լուսաբաց և թույլ տան, որ հանրապետության տնտեսական կյանքը զարգանա թռիչքաձև:

Ըստ այդմ առաջարկվում է անցնել ներառական տնտեսության, այն է՝ սաղմոսների հնչյունները հոգու խորքում գուրգուրելով՝ խոշոր խաղացողները թույլ տան, որ զարգանան ՓՄՁ-ները: Իսկ մեր աշխարհացունց առաջարկը հետևյալն է՝ ՀՀ կառավարությունը (թեկուզ առժամանակ, մի 10-15 տարով) հանդես է գալիս մեծահարուստների փոխարեն, նրանց մեղմորեն քշում է գազի, բենզինի և շաքարավազի շուկաներից և, ներկրումներից ահռելի գումարներ վաստակելով, կտրուկ փոխում է շուկայի կառուցվածքը: Քայլի արդյունքում շահում է կառավարությունը, շահում են հանրապետությունն ու նրա հպարտ քաղաքացիները:

Ի դեպ, աշխարհի քաղաքակիրթ և ոչ այնքան կիրթ պետություններ տնտեսության կարևոր ճյուղերի (երկաթուղու շահագործման, էներգակիրների ստացման և բաշխման, հանքերի շահագործման...) մենաշնորհատերն են:
Միով բանիվ, 3-րդ հանրապետությունը, ի դեմս ՀՀ կառավարության, պետք է անհապաղ դառնա տնտեսական գերխոշոր խաղացող և ամենուր սահմանի սեփական ստատուս քվոն:
Միով բանիվ՝ ձեր իսկ հռչակած «իմ քայլի» օրինակով քայլ արեք, մի դոփեք տեղում: Դա անելու համար համապատասխան կենդանիներ կան:

Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ
Համեստ ԲԵԿ-ՄՐՐԻԿՅԱՆ