Նախկին զին.դատախազ Գագիկ Ջհանգիրյանը 24news-ի եթերում՝ իր հարցազրույցի ընթացքում, գնահատական տալով 2008-ի մարտի 1-2-ի իրադարձություններին, ինչպես հարիր է տուժածին և ինչպես հարիր է իրավաբանին, այն էլ՝այդ օրերին գլխավոր զին.դատախազի տեղակա՛լ ու գործից տեղյա՛կ իրավաբանին, ահագին տրամաբանական բաներ է ասում, «դեպքի վայրից» ահագին բաներ է պատմում, մեղադրում է ՀՀ երկրորդ նախագահին, այդ նույն ճիշտ տրամաբանությամբ համարում, որ այդ օրերի կառավարության բոլոր ուժայինները, ողջ վերին էշելոնը միասին են գործել, որ նրանց աջակցել է ԱԺ-ն՝ անօրինական կերպով զրկելով պատգամավորներին անձեռնմխելիությունից:

Բայց այս ամենի հետ պարոն Ջհանգիրյանը մի զարմանալի միտք է արտահայտում, թե գեներալ Մանվել Գրիգորյանը «կարող էր անգամ БТР ունենալ, БМП ունենալ, նույնիսկ թնդանոթ 120 միլիմետրանոց»: Իսկ հայտնաբերված՝ զինվորի բաժին «կանսեռվեքն» էլ, ըստ «ամեն բանից տեղյակ» պարոն Ջհանգիրյանի, «հաստատ իրենը չեն, այլ ուրիշինն են»: Ըստ այդմ՝ հարցնենք պարոն Ջհանգիրյանին:

-Պարո՛ն Ջհանգիրյան, ձեր հյուսած տրամաբանական շղթայով որ գնանք, ուրեմն մարշալ Բաղրամանն էլ (կանխավ՝ հազա՜ր, միլիա՜րդ ներողություն, որ Մանվել Գրիգորյանին մեր էս հսկաների դասի հետ պիտի համեմատեմ) պտի իր տանը մի էրկու դիվիզիա զորք պահեր, մի էրկու էշելոն զինամթերք, զրահատանկային զորքերի մարշալ Բաբաջանյանը, «լավ եմ արել, ես ինձ պարգևատրել եմ»՝ անասնապահ Իշխանի սկզբունքով, պտի մի հատ տանկային կորպուս պահեր իրա տան գարաժներում ու մինչև կյանքի վերջ տանկից բացի ուրիշ բանով չպիտի երթևեկեր ԽՍՀՄ «бездорожье»-ով, տանկով Կրեմլ մտներ, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցն առավոտից իրիկուն պտի ռազմական օդանավերով Կրեմլի վրայով ֆռֆռար, Կրեմլի հանգիստն անընդհատ խանգարեր, իսկ ծովակալ Իսակովն էլ պտի մինիմում մի հատ սեփական նավատորմ ունենար ու մինիմում մի հատ սեփական ծով, պլյուս դրան՝ հլա պտի էդ նավերի «տրյումներում» էլ նավաստիների բերանից կտրած «կանսեռվեքը» պահեր՝ Ձեր ասելով ոչ իրա, այլ իր «գործով» ծանոթ-ընկերների՛ կրած, էդ «տրյումները» լցրած «կանսեռվեքը» պահեր:

Հա՞, պարոն Ջհանգիրյան:
Ձեզ ճի՞շտ եմ հասկացել:
Հո ձեր տրամաբանությունից դուրս տրամաբանելու մեղք չե՞մ վերցրել ինձ վրա:
Համ, նախկին իշխանություններին որպես մեղադրանք ներկայացնելով, ասում եք, որ մի զինվորից ավելի վերադիսլակացնել-տեղափոխե՛լն արդեն իսկ հակաօրինական-հակասահմանադրական բան է, համ մի քիչ հետո ասում, որ Մանվելը ո՞նց ախր կարող էր զենք ու БТР, БМП, ինչքան սիրտն ուզեր, իրա տանն ու իրա սեփական գարաժում, իրա անգարո՜ւմ հանկարծ չունենար: Ոնց որ, Ձեր ասածով,
«խոհարարը շերեփ չունենար, մսագործը՝ դանակ»:

Բա որ ծո՞վ ունենայինք, ու Մանվելը գեներալի տեղ ծովակալ դառնար, էդ ծովը պտի իրան «բասե՞յն» սարքեր ու պտի հածանա՞վ իր էդ «բասեյնում» պահեր ու իր հածանավից «Ավրորայի» նման, քեֆը հազար դեպքում, ուր ուզեր, գրազով, նշան բռներ ու «զալպով» խփե՞ր, պարո՜ն Ջհանգիրյան…

Ամփոփեմ այսպես: Մեզանում, ի՜նչ ուզում ես արա, ամեաշատը չի ստացվում ու ամենավատը ստացվում է մի բա՛ն. մինչև վերջ դատե՛լ, մինչև վերջ նույն օբյեկտիվությամբ բոլորի՛ն անխտիր հավասա՛ր դատել: Հենց հասան իրենց տհաճություն պարգևող, դառը, բայց դարձյալ ճշմարտությանը, էդ ճշմարտությունը, մյուսների հետ միասին կուլ տալու տեղակ, թքում են ու դրան նախորդած իրենց ողջ առողջ ու շիտակ դատածը դարձնում ընտրովի, դարձնում սուբյեկտիվ ու ստվեր նետում իրենց ասած էդ ճշմարտության վրա՝ ծայրի՛ց ծա՛յր: Ու թե ինչու հենց է՛դ մի ճշմարտությունն է պարոն Ջհանգիրյանի համար էդքան տհաճ բան, այ է՛դ արդեն երկրո՛րդ ճշմարտությունն է, որն ինքն իր կես ժամ տևած հարցազրույցում, ի՜նչ արեց, չհասցրեց, թե մի կերպ… ասի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ