«Ես ցավում եմ, որ թվերը, ճիշտ չի ներկայացվում, իրավիճակը ճիշտ չի ներկայացվում առաջին դեմքին, և նա հարկավոր է, այստեղ են ասում, որ պետք է նորից մեզ էին ասում՝ շրջապատը պետք է փոխել: Պետք է շրջապատը փոխել, հարկավոր է լուրջ մասնագետներով շրջապատվել: Ես ցավ եմ ապրում, ես շատ մեծ վտանգ եմ զգում, թե ապագա կառավարությունը և Ազգային ժողովն ինչ կոնտինգենտով պետք է լցվի, ովքեր պետք է լինեն այդ մարդիկ: Դուք տեսնում եք՝ ինչ քննարկումներ են տեղի ունենում Ազգային ժողովում. ունե՞ք այսօր այդ ռեսուրսը, որ պետք է այդ քննարկումները կազմակերպեն, միջազգային կառույցների հետ նստեն բանավիճեն: Մենք բավականին հարցեր պիտի ունենանք, որոնց պատասխանները չունենք: Համբերե՛ք: Համբերե՛ք՝ կտեսնենք: Տա՛ Աստված, որ ամեն ինչ լավ լինի»։
Վահրամ Բաղդասարյան

Է-հա՜, տա՜ Աստված, որ ամեն ինչ լավ լինի: Մի վերապահությամբ. դուք, «լավ» ասելով, ի՞նչ նկատի ունեք. ձեր «լավն» ախր հաճախ «վատ»-ից առավել վատ է անդրադառնում էդ «լավությանը ենթարկվածների» վրա: Հենց ձեր էդ «լավ»-ը չէ՞ր, որ 20 տարի է՝ «լո՜խ լյա՜վ էր»...

Կամ, էդ ինչո՞ւ եք համբերելու կոչ էդպես դրել-անում. արժե՞ համբերել՝ ձեր էդ «չունեցած պատասխանները» գտնելու համար, եթե հենց հիմա՛ արդեն հնարավոր է ձեր էդ դրած պահանջների ու հարցերի պատասխանները հատ-հատ, հերթով տալ:
Խնդրե՛մ:

1. «Պետք է շրջապատը փոխել, հարկավոր է լուրջ մասնագետներով շրջապատվել»:
Սույն պահանջը դնելով՝ տղերքը, ժողովո՜ւրդ, հեչ չվախենա՜ս, ուղղակի գործի տեղ են արդեն սկսել հիմիկվանից ման գալ, ուղղակի իրենց են դրել-առաջարկում: Նիկոլին հասկացնում են, որ «կողքիններդ ի վիճակի չեն, մենք ենք ի վիճակի էդ գործերն անել, ու քանզի ընտրություններում տոկո՛ս վաստակել ի վիճակի չենք, հո՞ ի վիճակի ենք ապագա կառավարությունում տեղ էսպես մուրալ ու տեղ ապսպրել»:

2. «Ես ցավ եմ ապրում, ես շատ մեծ վտանգ եմ զգում, թե ապագա կառավարությունը և Ազգային ժողովն ինչ կոնտինգենտով պետք է լցվի, ովքեր պետք է լինեն այդ մարդիկ»:
Էստեղի համար են ասել՝ «Չարչարանքդ՝ ապաշխարանք, Վահրա՜մ ջան», ու նաև ասել՝ «Ցավիդ ի՞նչ դարման կա, պարո՜ն Բաղդասարյան»: Չլինի՞ ցավիդ դարմանն էն է, որ Կառավարությունն ու Ազգային ժողովը նորից ձերոնցով, ասածիդ պես, «լցնեն»: Ազգի բախտով տենց մտահոգված ու վախեցա՞ծ ես, որ հարց ես տալիս, թե «ովքե՛ր պիտի լինեն էդ մարդիկ»: Իսկ իմ կարծիքով՝ դուք ուզում եք իմանալ, թե ովքեր պիտի լինեն էդ մարդիկ, որ հանկարծ էդ մարդիկ է՛ն մարդիկ չլինեն, ովքեր ձեզ ձեր արածի համար պատասխանատվության կանչեն: Արդյունքում՝ ուղիղ երեք րոպեում վիրտուոզ կերպով, խնդրե՜մ, գտնում եք «սողոմոնյան» վճիռ. էդ մարդիկ հենց դո՛ւք պիտի լինեք, որ համ առանց գործի՛ վաղը չմնաք, համ էլ հին կեղտերը ջրի երես բերող «սանիտա՛ր» հանկարծ էդ մարդիկ չլինեն: Այ ա՛յս է ձեր ցավը, պարոն Բաղդասարյան: Իզուր տեղն ես էդ «նեյնիմն» անում: Էդքանի տեղը մարդա մի հատ գործի ընդունվելու դիմում գրե՛ք, տարե՛ք Նիկոլի գործերի կառավարչություն ու սրտի թրթիռով սպասե՛ք «սաբիսեդըվանիին»: Թե չէ «ընդդիմությո՜ւն ենք դառնում», «կառուցողակա՜ն-մառուցողակա՜ն».. ա՜յ, որ ասեիք «մատուցողակա՜ն ընդդիմություն» եք էսպես ուզում դառնալ (ձե՛զ նորերի՛ն «անմնացորդ» առաջարկելու ու մատուցելու առումո՛վ՝ «մատուցողական»), կհավատայինք…

3. «Դուք տեսնում եք՝ ինչ քննարկումներ են տեղի ունենում Ազգային ժողովում. ունե՞ք այսօր այդ ռեսուրսը, որ պետք է այդ քննարկումները կազմակերպեն, միջազգային կառույցների հետ նստեն բանավիճեն»:
Իսկ է՜ս դրված հարցով էլ ձեր աշխարհ ֆռռալու, ձեր օֆշորներն անտեր չթողնելու շուտով կորցնելիք ձեր հնարավորության համա՛ր եք, ավա՜ղ, հիմա դարդ անում: Թե չէ 20 տարի էդ միջազգային կառույցներում՝ «փարիզ-պարադիզներում», որ էդքա՜ն դրեցիք, մեզ ներկայացրիք, երկրի վա՞րկ բարձրացրեցիք, թե՞ երկրի ստացած վարկերը… «կոն դրիք, կո՛նը բարձրացրիք, «անբանավեճ» կրվաք»:

Ո՛չ, պարոն Բաղդասարյան. ոչ ոք մտադիր չէ նորից, խոտը ոչխարի, ոչխարը գայլի առաջը դնել ու հետո ապշել, որ ո՛չ խոտ, ո՛չ ոչխար…
Անցնենք մե՛ր ոչխարներին, այսինքն՝ ձեր շոշափած-դրած այդ «ծանր» հարցերից գերագույնին ու պատասխանենք դրան. գնացե՛ք, ուրի՛շ տեղ գործ ու տեղ փնտրեք, պարո՛ն Բաղդասարյան. ստեղ ձեզ համար միայն մի՛ տեսակի գործ կա՝ նրա՛նք, որ պտի բացվեն՝ սկսած «Մարտի 1-ինից», պրծած էն մյուս ամսաթվերով գործերից, որոնք քննության ընթացքում հերթով նորից լույս աշխարհ կգան, ու այ է՛դ ժամանակ, գործի հետ մեկտեղ, ձերոնց հարմար տեղ է՛լ երևի ճարվի…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ