‹‹Եթե նույնիսկ խաշը Էդմոն Մարուքյանի հաշվին ուտեմ, մուֆտա չի լինի››:
Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ

Տիար Շարմազանով, անտանելի Էդուարդ, հակառակ հավաստմանդ դու հարկավ կարող ես խաշը լրիվ մուֆթա ճաշակել Էդմոնի հաշվին, բայց բոզբաշի համար պիտի վճարես, զի բոզբաշն իր գունեղությամբ խիստ հարիր է ՀՀԿ-ի քաղաքական կիսադեմին և դրա դեմք հանդիսացող նվաստի բարոյական կերպին, քանզի բառարմատի առաջին մասով ստուգաբանվում է ահա այսպես. բոզ՝մոխրագույն և բոզ՝ բարոյազուրկ կնիկ, իսկ բառարմատի մաս կազմած երկրորդ տարրը, ասել է թե բաշն իր հերթին ընկալվում է որպես գլուխ և որպես քյաքյուլ:

Այսպիսով՝ ՀՀԿ-ի տասնամյա մենիշխանության տարիներին սույն կառույցի վերնախավի կողմից կլանվել են բազմաքանակ ու բազմանուն կերակուրներ, էլ՝ շիմպանզեի ուղեղ, էլ՝ քյաբաբի միջուկով լցոնված սարդելկա, էլ… մի խոսքով՝ այն ամենը, ինչը թռչում է երկնքում, լողում է ջրում, սողում է գետնի վրա: Սակայն ուրիշ էր բոզբաշը, նախկին իշխողներիդ կուսակցության բարոյա-քաղաքական գլխավոր ճաշը, որը ճաշակում էիք հոտընկայս և ուս-ուսի միմյանց բռնակցված:

Շարմազանով Է., քաղզառանցանքի շրջապտույտում դու գերազանցում ես անգամ ինքդ քեզ, խաշային անվայել քաղաքականություն ես վարում և վանում ես ՀՀԿ-ից վերջին մի քանի նվիրյալներին և դրանց թվում ՀՀԿ-ի տատիկին ու Արփինեի կատվիկին:

Եվ ահա, որքան էլ խուսափես, վսեմափայլ Սեթ Գմփոյանիս տիրապետության տակ գտնվող պապենական կալվածք ագարակում լուր է թևածում, որ պատրաստվում ես ընտրական տեղամասերում մուֆտա խաշ ուտել նախ հանձնաժողովի անդամների և ապա միջազգային դիտորդների հետ:
Ազնվամիտ է նպատակդ,սակայն արդյո՞ք բավարար քանակությամբ սխտոր կա մոտդ ու ազգային այդ ուտեստի մյուս անբաժանելի բաղադրիչից՝ բողկ:

Պարզաբանիր, պաղատում եմ…