‹‹Պատմության ընթացքում էլ սխալ կլինի, քանի որ 128-ամյա քաղաքական ուժը, երբ շատ երկրներում ազդեցիկ դերակատարություն ունի, ներկայացված կլինի խորհրդարանում:
Դա, կարծեք թե, ժողովուրդը ինքն իր ողնաշարը կոտրելու գործողություն կլինի››:

Արծվիկ Մինասյան

Պատմության ընթացքում (հայ ժողովրդի նոր պատմության` ծանոթ. Սեթ Գմփոյանիս) հայ ժողովուրդը չունենալով խորհրդարան, չկարողացավ արժանվույնս ՀՅԴ-ին ներկայացնել իր անգո մարմնում: Եվ դա համայն հայության մեծագույն օրենսդիր ողբերգությունն էր և ահա նման տղայական գործողություններով էր, որ ժողովուրդը կոտրեց սեփական ողնաշարը: Սա ի տեսություն Արծվիկ Մինասյանի տեսության, որը նկատելիորեն կաղում է պատմության մութ բավիղներում:

Եվ ահա մեր նոր պատմության տարեգրքում փառապանծ-նվիրական էջեր ի հայտ եկան ի դեմս դաշնակցության: Նախ՝ Բանկ Օտտոմանի գրավումը, հետո սերտաճումը Թալեաթին ու այլոց,այնուհետև Ալեքսանդրապոլի պայմանագրի վավերացումը և, վերջապես, արհեստավարժ քաղաքական սեթևեթումը 3-րդ հանրապետությունում:
Տիար Արծվիկ, արգո Մինասյան, կարո՞ղ ես ասել, թե քանի-քանի քաղաքական գիրկ է փոխել 128-ամյա հավերժ պատանյակը շատ երկրներում և Հայաստանի Հանրապետությունում:
Պարզաբանիր, պաղատում եմ…