Չհուզվեք ժամանակից շուտ, մենք էլ ձեզ պես հուշաղբյուրի, ցայտաղբյուրի, առհասարակ ջուր բխող ցանկացած ակունքի ջերմեռանդ սիրահար ենք: Հայկական քաղցրահամ ու կենարար, զուլալ ու ամոքիչ ջրի գինը հատկապես զգալի է Հայաստանից դուրս: Ով տոչորվել է ծարավից վիթխարածավալ Ռուսիայում կամ, դիցուք, Սոմալի էկզոտիկ երկրում, կամ էլ թեկուզ հարևան Վրաստանում, տո թեկուզ հենց Իրանում, անվիճելիորեն կհամաձայնի մեզ հետ, որ հայոց ջուրը հրաշք է:

Սակայն մեր ջրային սերը մեզ (հուսամ և ձեզ) կոչում է զգաստության, քանի որ մեր կենսալից և անուշահամ ջրային պաշարները վտանգված են, և վտանգն այս որքան էլ աներևույթ է, նույնքան էլ ահարկու է: «Սևանը դատարկվում է, մեր բյուրեղակոհակ և աշխարհում միակ ջրավազանը մեր օգնության կարիքն ունի, ձեռք մեկնենք մեր կապույտ հրաշքին»՝ մոտավորապես այսպես են բացականչում, ողբում, կոծում ու կարկաչում և՛ երկրի կառավարող շրջանակները, և՛ նրանց ամեն բանում տեղին-անտեղի ընդդիմացող բնապահպան-ակտիվիստները, և առհասարակ ողջ հայությունը:

Բայց այն, որ օրը ցերեկով և՛ համայն հայության, և՛ կառավարական շրջանակների, և՛ բնապահպան-ակտիվիստների աչքի առաջ հայոց ջրերը անտեղի հոսում են, թափվում են չգիտես թե ուր և, խառնվելով անհայտ ու անհամ ջրապաշարներին, կորչում են անհետ, սա կարծես ոչ մեկի համապատասխան մրգայինին չէ:

Քանի՞ ցայտաղբյուր կա մայրաքաղաքում:
Վստահաբար՝ մի քանի հազար:
Իսկ քանիսն են անդուլ կարկաչում հանրապետությունով մե՞կ:
Վստահաբար՝ ևս մի քանի հազարը:

Որքա՞ն ջուր է խոր աշնանը, ողջ ձմռանը և վաղ գարնանը (այսինքն՝ տարվա այն եղանակներին, երբ հատուկենտ անցորդներ են ծարավները հագեցնում ցայտաղբյուրներից ցայտող ջրերով) անտեղի կորչում:
Հաշվելը դժվա՞ր է:
Ոչ այնքան:
Միայն մի պատկերավոր օրինակը բավական է կռահելու, որ կորուստներն ահռելի են: Հայտնի է, որ լուցկու չոփի տրամագծի չափով 24 ժամ հոսող ջրի ծավալը... 20 լիտր է:

Միով բանիվ՝ կարիք չկա հորինել մի նոր հեծանիվ, ուղղակի պետք է ձևավորել մի գերհատուկ կառավարական հանձնաժողով, հանձնաժողովում ընդգրկել գիտակ-խոհեմներին և ամենատեղյակ-աղմկարարներին ու հայտնաբերել, թե որքան ջուր է հոսում հանրապետության ցայտաղբյուրներից 1 րոպեում, 1 օրում (այն է՝ 24 ժամում), 1 ամսում, ի վերջո՝ 1 տարում: Եվ պարզելով, թե 1 տարում որքան ջուր է հոսում հայոց ցայտաղբյուրներից, փորձենք դա պատկերացնել ջրավազանի տեսքով:

Ընտանեկան առագաստին հավատարմության երդում տված մեր ընտանեկան զույգի համեստ հաշվարկներով (Աստված փոխըմբռնում բերի և ձեր ընտանիքներին), 1 տարում Հայաստան աշխարհից հոսում-կորչում է մի քիչ ավելի ջուր, քան առկա է Երևանյան լճում, և պակաս ջուր, քան կա Սևանա լճում:

Սրա կողքին մի սարսափազդու հիշեցում. աշխարհում գոյություն ունի ‹‹ջրային մտրակ›› հասկացությունը: Ջրառատ երկրները իրենց քաղաքական հախուհաշիվը հարևան երկրների հետ լուծում են հենց ջրային մտրակով:
Դուք հարցնում եք ինչպե՞ս, մենք պատասխանում ենք՝ ահա այսպես. ջրբաշխ երկիրն ամառվա տապին իր ջրամբարներում է կուտակում հարևան երկիր հոսող գետերի ջրերը: Բնականաբար անհնազանդ հարևանը կանգնելով ահարկու փաստի առաջ՝ ծնկի է գալիս և ընդունում հարևանի քաղաքական, նաև տնտեսական պարտադրանքները:

Հարց՝ ի՞նչն է պատճառը, որ մենք անտեսում այս հարցը: Չէ՞ որ գործնականում անհնար է չնկատել, որ ցայտաղբյուրներից անտեղի հոսող մեր ջրերը գումարվելով մեր լեռներից վար իջնող գետերի ջրերին՝ ի վերջո թափվում են Արաքսը և ծառայում են Թուրքիային ու Ադրբեջանին:
Ի դեպ ‹‹ջրային մտրակի›› կիրառման առաջատարը աշխարհում հենց Թուրքիան է:

Մի խոսքով այս ամենը խորը մտահոգության առիթ է, որ մասին չէինք կարող չկիսվել ձեզ հետ և մեր ջրային մտահոգությունը չփոխանցել կառավարությանը:

Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ
համահեղինակ՝ Համեստ ԲԵԿ-ՄՐՐԻԿՅԱՆ