Նիկոլը ելել է ընտրարշավի, քյավառցիք Նիկոլին դժվար բաց թողնեն՝ առանց «բարլուսի», թեկուզ գիշերվա հազարը ըլնի. նորմա՜լ երևույթ է:

Նիկոլի մրցակիցները ելել են ընտրարշավի, Նիկոլի բոլո՛ր մրցակիցները ելել են ընտրարշավի, բոլորի ցանկությունը մեկն է. առաջինը լինել երկրորդների մեջ. նորմա՜լ երևույթ է:

Լուկաշենկոն վախենում է հեղափոխությունից, Նազարբաևը վախենում է հեղափոխությունից, և ուստի պարզ է. պետք է որ էսպես անդո՛ւր-անպարկե՛շտ անհանգստանային. նորմա՜լ երևույթ է: Նիկոլը դրանց պահվածքի առթիվ բացատրություն է ուզում ստանալ. նորմա՜լ երևույթ է: Բայց, դրա հետ մեկտեղ, դրանց մարդա մի հատ չափալախ էլ որ տար, նորմալ երևույթը կդառնար նաև սրտաբո՜ւխ երևույթ…

ՀՀԿ-ն իր ֆիասկոյի մեջ ում հասնի մեղադրում է՝ բացի իրենից. աննորմա՛լ երևույթ է:

ՀԿԿ-ի ձա՜յնն է էն աշխարհից հնչում. այ սա՜ արդեն… պարանորմալ երևույթ է:
Էն աշխարհից ու անհայտությունից, գրեթե «դարերի մշուշից» ու մոռացությունից հայտնվում է, հերիք չէ, դեռ հայտնվելուն պես հայտարարում է, որ ինքը նորից անհետանում է, այսինքն՝ բոյկոտում է ընտրություններն ու նորից իր պատկերին կարոտ է թողնում ՀԿԿ «բոյկոտից» «դարդախոց էղած» իր «միլիոնավոր» ընտրողներին:
Նորմա՞լ է, թե՞ պարանորմալ:
Ո՛չ էն, ոչ է՛ն. սա արդեն ուղղակի սովորական աննորմալ երևույթ է:

Թե ո՞վ դրանց հարություն տվեց կամ կոմայից հանեց, գաղտնիք է մնում: Ըստ այդմ՝ կատեգորիկ ու կտրականապես խնդրում եմ ՀԿԿ-ին.
-Զգո՜ւյշ, անիրավնե՛ր, մարդ կընկնավորեցնեք: Ձեր ձայնը լսող մարդիկ մտածում են, թե էն աշխարհից էլ են եկել մասնակցելու ընտրություններին, մտածում են, թե հեղափոխության ալիքն անգամ ձե՛զ հավերժական քնից հանել, բերել է նորից ընտրությունների: Հազիվ խախանդվել, կապերը խզել էին դրանք էս աշխարհի հետ բայց, խնդրե՜մ, էկա՜ք էլի՝ էդտեղից էստեղ, ու հիմա կդնեք, դրանց նորից հավեսի կգցեք, ընտրատարածքների դռները կգցեք, ա՜յ անիրավներ:
Ի միջի այլոց, ձեր էս «
կոլեկտիվ» կորչել-հայտնվելը առաջին անգամ չէ. ԽՍՀՄ փլուզման պահին ձեր ՀԿԿ-ի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերում, հիշո՞ւմ եք, քանի՛ անդամ կար: Չեք հիշում՝ հիշեցնեմ. 300000՛:
Ի՜նչ թիվ է, է՜, ընդ որում էդ թիվը Սերժի ու Քոչարյանի թվերի նման բնա՜վ չեմ կրակում. հլա մի բան էլ պակաս եմ հաշվում, քանզի անդամության թեկնածուներին չեմ հաշվում:

ԽՍՀՄ փլուզման հաջորդ օրը էդ 300000 անդամներդ միանգամի՜ց, մեկե՜ն ինչ եղա՞ք. կորա՛ք, բայց հայտնվեցիք արդեն ՀԿԿ-ին լրիվ հակասող գաղափարախոսությամբ կառույցներում. մասնավոր սեփականատիրության ոսոխ կոմունիստներդ մեկեն դարձաք մասնավոր սեփականատեր ու շահագործող:

Նորմա՞լ երևույթ է. ծը՛, պարանորմա՜լ:
Նման բան նկատվում է մեկ էլ Բերմուդյան եռանկյունում, որտեղ անհետ կորչում, անհետանում, լինում է նաև, նորից են հայտնվում, բայց արդեն լրիվ ուրի՛շ տեղ հայտնվում կորած օբյեկտներ, կորած սուբյեկտներ: «
Հայոց բերմուդյան եռանկյունու ակտիվի՜ստ» եք դուք, պարզվում է, եղել, հայո՛ց «առկայծող»՝ կորչող-հայտնվող ո՜վ կոմունիստներ»:

Մի խոսքով՝ էսօր էլի ելել, անդրշիրիմյան ձայնով ու այլմոլորակայի գեշ բնավորությամբ, ինչ որ պահանջներ են դնում մեր էդ կասկածելի հանգամանքներում կոմունիստական կուսակցությունից կորած կոմունիստները, նաև երեկ խայտառակ եղած, ամոթու գետին մտած ու կորած, բայց էսօր նորից հառնած-հայտնված, իրենց ամոթը նորից մոռացած հին իշխանության «զորեղ» տերերը, էդ տերերին ձոն, ներբող ու գովերգ երեկ շատ շռայլ էն հղողները:

Նորմա՞լ երևույթ է. աննորմա՜լ երևույթ է…
Տեսնո՞ւմ եք՝ առայժմ ի՜նչ քիչ են նորմալ երևույթները, բայց հո՞ պարզվեց՝ ի՜նչ շատ են նորմալ ընտրողները…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ