Հա՛, ընտի՜ր միջոց են ընտրությունները մարդու ամենից վատ արատի դեմ՝ ինքնագոհության, և մյուս արատի ու էն մյուս վատի՝ որկրամոլության: Ընտրություններն ինքնագոհներին «ըմբոշխնել» են տալիս ամենադառն ուտեստը՝ դժգոհությունը սեփական «ես»-ից, ու անբուժելի որկրամոլների ախորժակ փակում այդ դժգոհության կուտակած մաղձով: Ափերը կորցրած, «ծովեր նվաճած ծովահենները» ափ են շպրտվում, ուռկաններն ընկնում, «ծովը ծնկների՜ց, խոլ ալիքների վրայով վազող ճամփորդներն ու ռահվիրաները» առաջին անգամ անպարկեշտ սկում, իրենց անվայել «հարա՜յ», «օգնեցե՜ք» աղաղակներով «ջրի վրայով քայլելու իրենց մենաշնորհի» միֆն են փարատում, ցրում ու հերքում, ամեն բան նորից իր հունը բերում, իսկ իրենց «մոտիկ-հարազատ» լեզվով՝ «ռամսերը գտնում»…

Հա՛, ընտի՛ր միջոց են ընտրությունները, մանավանդ արդա՛ր, անաչա՛ռ, անսո՛ւտ ընտրությունները, մանավանդ եթե ընտրում է ոչ թե գոռոզն ինքն իրեն, այլ բո՛ւն ընտրողը՝ այդ գոռոզների բո՛ւն դատավորը՝ սրտում իր Աստծուն վերստին գտած բո՛ւն ժողովուդը:
Ընտրելիս Աստծո արարածները կամ իրենց ներսում գտնում են Աստծուն, կամ թե չեն գտնում, Աստծուց հեռու ու լքված են մնում: Ոչ թե Աստված է էդպես կամենում. իրենք են իրենց Աստծուց հեռու ու լքված պահում: Ինչո՞ւ: Ըստ իս՝ Աստծուց իրենց քիչ… վեր են դասում: Իսկ ներսում իր Աստծուն գտած ընտրողն իրեն մարդ է զգում, քանզի մարդը մարդ է սոսկ, երբ մարդու ներսում Աստված է կենում:

Շուտով կհավաքեն նետված քարերը. քարերի միջից այն քարերը, որոնց մեջ անմեղ արյուն կար, դրանք մի կողմ կդրվեն, քվեները՝ մի կողմ: Թացը վերջապես կջոկվի չորից, արյունը՝ ջրից: Ով Աստծուց լույս էր երազում-ուզում, իր լո՛ւյսը կստանա, ով կրակ՝ կրա՛կ, ու նոր…

Ու նոր կարելի կըլնի սկսել նորի՛ց՝ նորից… զրոյի՛ց:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ