Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավում կարելի է նկատել երկու ուղղություն։ Առաջին ուղղությունն «իսկական և միակ ընդդիմության» վիճարկումն է, մյուսը՝ նոր խորհրդարանում երկրորդ ուժը լինելու հավակնությունը: Կան ուժեր, որոնք «համատեղել» են այս երկու ուղղությունները: Եվ ոչ ոք չի վիճարկում իշխող ուժի հաղթանակը, չի հայտարարում, որ պայքարելու է հաղթանակի համար: Իհարկե, եթե հաշվի առնենք հետհեղափոխական իրականությունը, ընտրություն ըստ էության չի լինելու, հանրությունը քվեարկելու է հեղափոխությունն ավարտին հասցնելու և լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար:

Վերջին շրջանի իրադարձությունները համենայնդեպս ցույց տվեցին, որ հայկական մի շարք կուսակցություններ ոչ միայն պատրաստ չեն նոր իրողություններին, այլև ունակ չեն վերակազմակերպվելու: Հետաքրքրական է, որ հիմա արդեն ոչ ոք նախօրոք մանդատների երաշխիքներ ու քվոտաներ չի բաշխում, չկան կուլիսային պայմանավորվածություններ: Կուսակցությունները սովոր էին դրան, և նրանց «քաղաքականությունը» կառուցվում էր իշխող համակարգին իրենց անհրաժեշտությունն ու ծառայությունները հիմնավորելու վրա: Ներկայում շատ կուսակցություններ շարունակում են այս ավանդույթը, միայն թե անհասկանալի է, թե ում առջեւ՝ իշխանությա՞ն, թե՞ հանրության: Ընդ որում բերվում են մեկը մյուսից անհեթեթ հիմնավորումներ ու թեզեր, ինչը նշանակում է, որ նրանք շարունակում են հայցել ներկայիս իշխող ուժի բարեհաճությունը: Այլապես նախընտրական արշավը չէին ծավալի վերը նշված երկու ուղղություններով:

Արդյո՞ք նոր կառավարությունը մեղավոր է այս իրավիճակի համար կամ գուցե քաղաքական դաշտն առողջացնելու համար ժամանա՞կ է պետք: Շատ փորձագետներ այն մտքին են, որ Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների և Սեփականության մասին օրենքների ընդունումով հնարավոր կլիներ լուծել այս խնդիրները:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ