«Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում չկան օլիգարխներ, մեծահարուստներ, նախկին հանրապետականներ, նախկին ՀՀԿ ֆրակցիայի անդամներ։ Ամեն ինչ արված է «Լուսավոր»-ի լույսը չխամրեցնելու համար` այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում շեշտել է ԼՀԿ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Ավելին՝ կուսակցության ցուցակում ընդգրկված են շատ իրավաբաններ, փաստաբանական համայնքը ներկայացնող անհատներ, ովքեր խորհրդարանում կարող են իրոք օրինաստեղծ գործունեությամբ զբաղվել։

Մարուքյանի խոսքով՝ իրենք խորհրդարանում կարող են լինել անխոցելի, անբիծ ընդդիմադիր ուժ և ներկայիս իշխանություններին չեն քննադատում միայն այն պատճառով, որ այսօրվա կառավարությունը ճգնաժամային կառավարման իշխանություն է և ունի աջակցության կարիք։ Երբ կհրապարակվեն կուսակցությունների ծրագրերն ու գաղափարները, այնժամ կլինեն քաղաքական բանավեճեր և դեբատներ։

Վարչապետի և այսօրվա իշխանությունների քննադատությունը չպետք է լինի ինքնանպատակ։ Քանի դեռ վտանգ կա հակահեղափոխության, ԼՀԿ-ն միայն պետք է սատարի և պաշտպանի հեղափոխության ձեռքբերումները։ Սակայն Էդմոն Մարուքյանի խոսքով՝ առաջիկա ձևավորվող խորհրդարանում իրենք չեն տեսնում իշխանության հետ կոալիցիա կազմելու որևէ հնարավորություն։

Կուսակցության առաջնորդը նշում է, որ ԼՀԿ-ն ունեցել է հնարավորություն ինչ-որ տոկոսով ներկայացված լինելու «Իմ քայլը» դաշինքում, սակայն կուսակցությունը մերժել է այդ առաջարկը։ Այդ իսկ պատճառով կուսակցությունը լքողներ եղան, ովքեր միացան ՔՊ-ին։ Էդմոն Մարուքյանը գտնում է, որ երկրի քաղաքական համակարգի առողջացման տեսանկյունից, դա կլիներ սխալ որոշում։ Դա նույնն է, որ իրենք նստեն ավելի արագ ընթացող մի ճեպընթաց, որ զուտ արագ տեղ հասնեն։ Իրենք այդ խնդիրը չունեն, իրենք պատեհապաշտներ չեն։ Կուսակցությունն ունի գաղափարներ, տեսակ և կարող է լինել լիարժեք հակակշիռ իշխող քաղաքական ուժին։