ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր մնացած պաշտոնի շուրջ առաջացած լարվածությունը շարունակվում է։ Այս անգամ խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը․«Յուրի Խաչատուրովի լիազորությունները ժամանակից շուտ հանձնելուց հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը Հայաստանին վերապահելու Երևանի առաջարկությունն անարդյունավետ է, շատ երկրներ են այդպես կարծում», -ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

Վերջինս նշել է, որ նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների քննարկման արդյունքում մի քանի մոտեցում է ձևավորվել՝ ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումով նախատեսած ռոտացիոն սկզբունքի գործածումը, ըստ որի նախագահությունը փոխանցվում է այբբենական կարգով։ Եվ ըստ դրա՝ հաջորդը Բելառուսի Հանրապետությունն է։ «Հենց այդ սկզբունքի մասին էր խոսում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ամփոփելով Աստանայի քննարկման արդյունքները», -հավելել է Սեմերիկովը։

Սեմերիկովի խոսքով՝ ՀԱԽ-ը շարունակում է դիտարկել այդ հարցը «ավանդական կառուցողական փոխներգործության ու դաշնակցային ոգով»։ Ամեն դեպքում որոշումը կայացվելու է զուտ ՀԱՊԿ-ի վեց երկրների ձևաչափով՝ կոնսենսուսի հիման վրա և հաշվի են առնվելու բոլոր երկրների շահերը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը հորդորել է լրատվամիջոցներին զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք չեն արտացոլում Կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իրական գործընթացները։