Ադրբեջանի արտգործնախարարությունն իր դիվանագիտական խողովակներով կտրուկ բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանին այցագիր տրամադրելու հետ: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «անօրինական ռեժիմի «ներկայացուցչի» մուտքը ԱՄՆ հակասում է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պարտավորություններին և ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Ընդ որում, գերատեսչությունում կարծում են, որ Բակո Սահակյանին այցագիր տրամադրելը «լուրջ հարցեր է առաջացնում կապված ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացի հետ»:

«Զարմանալին այն է, որ վիզաների տրամադրման գործընթացի ազատականացումը ԱՄՆ-ը չի կիրառում հետխորհրդային տարածության այլ անօրինական կառույցների նկատմամբ, այլ միայն Ադրբեջանի օկուպացված տարածքների վրա ստեղծված անօրինական կառույցի «ղեկավարների» նկատմամբ։ Անջատողական ռեժիմի խրախուսմանն ուղղված նման քայլերը հարցեր են առաջացնում՝ կապված ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների անկեղծության հետ», -նշված է հաղորդագրությունում։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ