ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ կապված Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Արցախը պետք է մասնակցի ԼՂ հակամարտությանն ուղղված բանակցային գործընթացին, ասել է հետեւյալը. «Առհասարակ, բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում այն ռելսերի մեջ, որոնք գցվել են ԵԱՀԿ կողմից, գուցե եւ ապակառուցողական են»: Սակայն արդեն գրավոր տարբերակում, ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված սղագրության մեջ այս խոսքերը ձեւափոխված են, որով փոխվում է բովանդակային տարողությունը այդ խոսքերի: ՌԴ ԱԳ նախարարության կայքում արդեն այդ խոսքերը ունեն հետեւյալ տեսքը «Ձեր բարձրագոչ պատասխանները, որոնք չեն տեղավորվում այն ռելսերի մեջ, որոնք գցված են մասնավորապես ԵԱՀԿ կողմից, գուցե եւ ապակառուցողական են»: Բանավոր խոսքում, ինչպես կարելի է նկատել լրագրողին ուղղված «Ձեր» եզրույթը չի ասվել, ինչից կարելի է ենթադրել, որ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը մեկնաբանել է ՀՀ վարչապետի հայտարարությունը, այն որակելով որպես «ապակառուցողական»:

Նախկին իշխանությունը ներկայացնող հանրապետական բլոկի ներկայացուցիչները եւ հատկապես Արմեն Աշոտյանը միանգամից բռնվեցին այս շփոթից եւ հայտարարեցին, թե իրականում հենց հայկական կողմի խնդրանքով է ծածկադմփոց արվում ռուս դիվանագետի հայտարարությունը եւ հայկական կողմի խնդրանքով է սրբագրվել բանավոր խոսքի գրավոր տարբերակը: Առհասարակ շատ ուրախալի է, որ իշխանությունը կորցնելուց հետո գոնե հանրապետականները սկսել են Մոսկվայի ենթադրաբար հակահայկական հայտարարություններին արձագանքել: Ոչ վաղ անցյալում, եթե իհարկե մարդկային բնության տկարությամբ պայմանավորված, հիշողությունը մեզ չի դավաճանում, երբ ռուսական պաշտպանական գերատեսչության հեռուստաընկերության միջոցով ՀՀԿ-ի եւ ֆաշիստական Գերմանիայի իշխող նացիոնալ-սոցիալիստական կուսակցության միջեւ ընդհանրությունների մասին էին խոսվում, նույնիսկ երկու ուժերի զինանշաններում նմանություններ գտնելով, ՀՀԿ-ում նույնքան ջանասիրաբար չէին արձագանքում եւ բավարարվեցին միայն նամակով, որին հետեւեց արդեն ռուսական կողմի չքմեղանքը, թեեւ մինչեւ վերջ նժդեհականներին ռուսները ապացուցեցին, որ Նժդեհի եւ ֆաշիստական Գերմանիայի իշխանությունների միջեւ շփումներ եղել են: Սակայն, ինչպես ասում են, դա լրիվ այլ օպերա է:

Գալով մեր ոչխարներին, փորձենք հասկանալ, թե իսկ ում էր պետք սրբագրելը: Ամեն պարագայում ոչ հայկական կողմին: Հայաստանի նոր իշխանությունները գոնե Միխայիլ Լեոնտեւի հակահայկական հայտարարություններից հետո, հասկացրեց, որ հայ-ռուսական հարաբերություններում նախկին տեր ու ծառայի կարգավիճակ էլ չի լինելու, ինչով պայմանավորված էլ Լեոնտեւը ներողություն խնդրեց գրավոր նամակով: Այլ կերպ ասած, նույն տրամաբանության մեջ եթե դիտարկենք, ապա հենց ռուսները պետք է հետաքրքրված լինեն առաջին հերթին, իրենց կողմից թույլ տված սխալը սրբագրելու համար, հետագա հակառուսական տրամադրություններ Հայաստանում հրահրած չլինելու համար: Մյուս կողմից, եթե նայենք բուն բովանդակությանը, ապա վարչապետ Փաշինյանի հայտարարությունը կապված այն հանգամանքի հետ, որ ԼՂՀ իշխանությունները պետք է մասնակցեն բանակցային գործընթացին, ամենեւին չի հակասում այն ռելսերին, որոնք գցվել են ԵԱՀԿ կողմից ի դեմս ՄԽ եռանախագահների: Ի վերջո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Մադրիդյան սկզբունքներում հստակ է, որ որոշակի փուլում բանակցային գործընթացին ԼՂ հակամարտության կարգավորման, միանալու է նաեւ Ստեփանակերտը:

Հետեւաբար, եթե նույնիսկ համարենք, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, ապա դրանք հարուցողը հաստատ հայկական կողմը չէ, որ եղել է ու այստեղ արդեն Աշոտյանը պետք է հիշի, որ իր առաջնորդի գծած երկկողմ հարաբերությունների տերն ու ծառայի ֆորմատով ստացած ժառանգությունն է, որ հիմա սրբագրվում է ներկայիս իշխանությունների կողմից:

Սամվել Մելիքյան