Եվ այնուամենայնիվ հետաքրքիր կլինի իմանալ, թե նախընտրական պայքարի մեջ ներքաշված քաղաքական ուժերից որո՞նք կհայտնվեն խորհրդարանում և արդյո՞ք իմաստ ունի շատերի կողմից այսքան կուրծք ծեծելը, ֆինանսական ու մարդկային ռեսուրս ծախսելը, ժամանակ վատնելը, հավատալն ու հավատացնելը, որ չեղած տեղն ինչ-որ բան այնուամենայնիվ արժեն:
Ակնհայտ է, որ ապագա Ազգայինում, այն էլ ձայների առյուծի բաժնով կլինի «Իմ քայլը» դաշինքը ու դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանի հսկայական ժողովրդավարության, ինչը գոնե այսքան կարճ ժամանակահատվածում չի հասցնի մսխվել, որքան էլ դա ակնկալեն ու ակնկալելով ցանկանան իրականության տեղ ներկայացնել նախկին իշխանությունը կազմած հանրապետականները, որոնք իրենց հավատավորներին հա կուտ էին տալիս, թե տեսեք սեպտեմբերին ինչ է լինելու, տեսեք հոկտեմբերին ինչ է լինելու ու այդ «տեսեք»-ներով իրենց բերին-հասցրեցին ավելի քան շոշափելի գծագրվող բերդի դռները:

Խորհրդարանում տեղ գտնելու հայտ ներկայացրած հավանական երկրորդ ուժը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի վարկանիշայնությունն անկասակած կուսակցության նախագահի ժողովրդականությամբ է պայմանավորված ու հավաքելիք տոկոսների ֆիզիկական մեծությունը շատ բանով պայմանավորված կլինի նրանով, որ Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ կիրառված կռվազան քարոզարշավը նորից չբերեն-փաթաթեն կուսակցության հավասարակշիռ պահվածքին:
Խորհրդարանում հայտնվելու շանսեր այնուամենայնիվ պահպանում է Հանրապետական կուսակցությունը ու դա ոչ նրա համար, որ ժողովրդի աչքի լույսն է: Հակառակը՝ նրա նկատմամբ ատելությունն ավելի քան խորն է: Պարզապես ՀՀԿ-ի համար վերջին մարտի կելնի իշխանությունում մնացած վարչական ռեսուրսը, որն այնուամենայնիվ թիվ է ու դեռ կարող է եղանակ ստեղծել: Չմոռանանք նաև հանրապետականների ունեցած հսկայական ֆինանսական ռեսուրսը, որը տարբեր ձևերով ժողովրդին հասցվելու ելքեր կունենա, եթե հաշվի առնենք այս կուսակցությունում բուն դրածների անսպառ երևակայությունն ու ապօրինի սխեմաներ հորինելու անուրանալի տաղանդը:

Սահմանված շեմը հատելու աղոտ հույսեր ունի հարկավ և «Լուսավոր Հայաստանը», թերևս նաև «Սասնա ծռերը», որի օգտին կարող է աշխատել ոչ վաղ անցյալի հալածյալի գործոնը:

Ինչ վերաբերում է մնացածներին, դրանք կարող են հավաքել ողբերգականի ու զավեշտականի միջակայքում եղած թվերի տոկոս, որը չի բավականացնի ոչ միայն խորհրդարանի դռներին մոտենալուն, այլև հեռվից նրան զմայլվելով նայելուն: Այստեղ առաջամարտիկների թվում կլինեն իր պատեհապաշտ առաջնորդների պատճառով հեղինակության սարսափելի, եթե ոչ կործանարար արդյունքի եկած Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Օրինաց« երկիր» կուսակցությունը: Վերջինս առարկայնորեն կգա ապացուցելու, որ կուսակցության անվան առաջին բառի մեջ էն գլխից էլ մոռացել են հ տառին տեղ տալ:

Ինչ խոսք, որ ցանկացած կանխատեսում հղի է հնարավոր սխալներով ու թեև մեր այս դիտարկման հիմքում չկա սոցիոլոգիական հարցում, սակայն այն ճշմարտությանը շատ ավելի մոտ է ու հարազատ, քան Ահարոն Ադիբեկյանի մինչև այժմ նեկայացրած ցանկացած հարցում:

Մարկ ԽԱՆՅԱՆ