Խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ լուրեր են պտտվում, թե նոր խորհրդարանը լինելու է ժամանակավոր և որ մեկ-երկու տարի անց կլինի արտահերթ նոր ընտրության անհրաժեշտություն, քանի որ խորհրդարանը կդադարի արտահայտել հանրային քաղաքական համակրությունների պատկերը:

Պատճառները հասկանալու համար թերևս պետք է նայել նախորդ իշխող համակարգին, որը չունի հաջողության հասնելու քաղաքական խաղաքարտ: Մնում է խաղալ այսպես ասած «խանգարելու» տրամաբանության վրա, որի առանցքային ուղղություն է դիտարկվում նաեւ հանրության շրջանում հոռետես, անկայուն, անհաստատ սպասումների ձեւավորումը, հանրային ինքնավստահության պաշարի սպառումը:

Միեւնույն ժամանակ, նոր խորհրդարանի ձեւավորումից հետո հաջորդ հնգամյակում արտահերթ նոր ընտրությունն անշուշտ բացառելի չէ: Ի վերջո աշխարհը գտնվում է բավական անկայուն և անկանխատեսելի վերափոխումների փուլում, նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում, ուստի որեւէ կերպ հնարավոր չէ բացառել իրավիճակներ, որոնք կարող են Հայաստանում առաջացնել ներքաղաքական ամենատարբեր լուծումների անհրաժեշտություն:
Չէ՞ որ եթե ժողովուրդը նախորդ իշխանության հյուսած սարդոստայններից կարողացավ ազատվել, ապա այսուհետ նրա համար դժվար չէ վատը մերժել և նոր լավին ընդունել։ Այս դեպքում, սակայն, նոր արտահերթ ընտրություն կարող է լինել նաև Նիկոլ Փաշինյանի որոշման և դրա հանրային հավանության արդյունքում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի ձախողման ու հանրային մերժման:

Կլինի՞ արդյոք նոր Հայաստանում ճգնաժամ, թե ոչ, հնարավոր կլինի ասել միայն այն դեպքում, եթե լինի որեւէ ընտրություն կեղծելու կամ ապօրինի վերարտադրության փորձ: Դա թերևս կբերի ճգնաժամի: Սակայն նոր խորհրդարանի «ժամանակավորության» մասին տարածվող մտայնության շարժառիթների հետ դա այնքան էլ կապ չունի:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ