Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին: Դա հատկապես ակնհայտ դարձավ 2017 թվականին կայացած բունդեթագի ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ կոալիցիոն կառավարություն կազմելն այնքան էլ հեշտ չի լինի: Այնուհետև հաջորդեց սկանդալների մի ողջ շարք ինչպես ՔԴՄ-ՔՍՄ բլոկի, այնպես էլ կառավարական կոալիցիայի ներսում՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երկրի համար հանգուցային միգրացիոն քաղաքականության քննարկումների ժամանակ բառացիորեն հայտնվեց խաղից դուրս վիճակում:

Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանության վարկանիշն անշեղորեն անկում է ապրում ու բնավ էլ զարմանալի չէր, որ Մերկելը հայտարարեց Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պոստը լքելու մասին (ժամկետը լրանում է այս դեկտեմբերին): Սակայն ողջ հարցն այն է, որ կուսակցության նախագահի պոստից հեռանալու մասին հայտարարելով հանդերձ Մերկելն ուզում է կանցլերությունը պահել մինչև սահմանված վերջնաժամկետը՝ 2021թիվն այն դեպքում, երբ երկրի կանցլերն ու իշխող կուսակցության նախագահը, որպես կանոն, նույն մարդն է լինում: Թե ինպես պիտի լուծվի այս թնջուկը, սա է որ ներկայանում է որպես հարցերի հարց: