Գալիք խորհրդարանական ընտրություններում պետք է բացառվի վարչական ռեսուրսի օգտագործումը՝ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ ուղղորդում չի լինելու, չի լինելու «ասողների» ինստիտուտը, պետք է բացառել քվեաթերթիկը սխալ տրցակում դնելու անգամ մեկ դեպքը: Նման փորձ անողներին կհակազդի օրենքը՝ ողջ ուժով. «Մենք լիարժեք թեւակոխել ենք նախընտրական փուլ, քանի որ ավարտվել է քաղաքական ուժերի գրանցումը: Ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը: Ընդունված է ասել, որ մենք խնդիր ենք դրել անցկացնել 3-րդ հանրապետության ամենաորակյալ ընտրությունները: Պետք է անցկացնենք ընտրություններ նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան»:

Վարչապետի պաշտոնակատարը ՀՔԾ պետին և ոստիկանապետին հանձնարարել է ընտրակաշառքների բաժանման դեպքերը կանխել, իսկ բացահայտելու դեպքում առաջնորդվել օրենքի ամբողջ ուժով: «Պետք է ապահովենք քաղաքական ուժերի միջեւ հավասար մրցակցությունը: Որեւէ քաղաքական ուժի առջեւ դահլիճի սահմանափակում չի դրվելու», -հավելել է նա: