«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում կարելի է տեսնել մի շարք հանրահայտ անուններ, այդ թվում՝ լրագրողների, մարզիկների, անցյալում բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց զավակների։ Ցուցակում ոմանց ընդգրկված լինելը սպասելի էր, ոմանցն՝ անսպասելի։ Զորօրինակ, երբեմնի հայտնի մարզիկ Առաքել Միրզոյանը նախկինում «Հանրապետական» կուսակցությունից էր, սակայն առաջիկա արտահերթին առաջադրվել է ՔՊ համամասնական ցուցակով որպես անկուսակցական։ Մարզիկներից դաշինքին է միացել նաև Արսեն Ջուլֆալակյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի որդին, ինքնին բավականին անուն հանած մարզիկ։ Նա ՔՊ ցուցակի 57-րդ համարն է։

Ցուցակում տեղ են զբաղեցրել նաև Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի որդին՝ Միքայել Զոլյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի որդին՝ Անդրանիկ Մալխասյանը։

ԽԲԾ (խնամի, բարեկամ, ծանոթ) ձևաչափից նկատում ենք Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր, համատեղությամբ ԱԺ պատգամավոր, համատեղությամբ սերիալային դերասան Հրաչյա Հակոբյանին, ով հանգրվանել է ցուցակի գրեթե վերջում՝ 181-րդ համարի տակ, Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն՝ Սիփան Փաշինյանին՝ 182-րդ համարի ներքո և «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի ամուսնուն՝ Նարեկ Բաբայանին՝ 38-րդ տեղում։

Հասարակությանը հայտնի թեկնածուներից են նաև ճամբարափոխ եղած Հայկ Կոնջորյանը, ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը, Հանրապետական խմբակցության նախկին անդամներ Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը։