ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ովքեր դեմ են կոռուպցիային, իրենց ձայները տան ՀՀԿ-ին: Բա տենց բան են անո՞ւմ, ա՜յ «միամիտ լոռեցի»: Հիմա էդ մարդիկ ո՞նց այսուհետև ձեզ վստահեն ու ի՞նչ սրտով ձայն տան:

Ո՜նց թե ովքե՛ր:

Կոռուպցիոներնե՛րն, էլ ուրիշ ովքե՞ր:

Ամեն հանրույթում էլ, ինչ կուզես արա, կոռուպցիոներներ կան ու կլինեն: Ահագին ձայն էր, պահել էին, ձե՛զ պիտի տային, անխիղճ արարած. դրիր մի անփույթ խոսքով, մի հատ «միամիտ վիշապի» նման, էդ քսանամյա աղբյուրը կտրեցիր:

Այնպես որ ծնունդիդ նվեր ոչ թե, ոնց որ դու էիր ուզում, Նիկոլը, այլ դո՛ւ ինքդ քեզ արեցիր, ավա՜ղ. կուսակցությունդ զրկեցիր վերջին սատարից, հույսից, ապավենից, վերջին ձայներից: Էլ ո՞ր մի իրեն հարգող կոռուպցիոներն այսուհետև ձեզ իր ձայնը կտա: Փոխանակ էդ մարդկանց էդ բարձր ամբիոնից մի հատ «մալյավա» ուղարկեիր, դրիր ու «կասյակ», ի՞նչ «կասյակ» եքա «զապադլո» արիր:

Քո արածը քեզ դուր եկա՞վ, տղա՛: Առանց էդ էլ էն գյոզալ մեռելների ոտը կտրվեց, ձայնը կտրվեց, սա՜ղ Թոխմախը լրիվ ցուցակից հանվեց, մեռելներին երկրորդ անգամ դրին-մեռցրին: Իսկ «Գազելների» էն պասսաժիրների մասին էլ չե՜մ ասում: Դրանց ոտն ու ձայնն էլ, դրանց բերող էդ «Գազելների» հետքն էլ լրիվ կտրվեցին: Ձեզ ձայն տվողներից, որպես վերջին հույս, դրանք էին մնացել՝ կոռուպցիոներները, էն էլ դո՛ւ դրիր, ձեզ էդ ձայներից տեղում զրկեցիր:

Բա որ ասում են՝ էդպես ոգևորված խոսելուց առաջ մի հատ դադա՜ր տվեք, պաուզա՜ վերցրեք, որ մտածեք, նո՜ր մտածվա՛ծ խոսեք, չեք լսում, է՜լի: Կուսակցության «հայրդ» էլ չլսեց, տեսա՞ր՝ ոնց մերժվեց: Իսկակա՜ն ձեր էդ «հոր» քթից ոնց որ թռած ըլնեք բոլորդ:

Մի խոսքով՝ ձեզ ձայն տալու թեկնածու վերջին մոհիկաններին էլ ձեզնից խրտնեցրիր, քաշվեցիր մի կողմ: Վաղը որ հե՜չ ձայն ձերոնք չստանան, պարո՛ն Շարմազանով, արար աշխարհին մեղադրելուց զատ՝ չմոռանաս քո էս «ծննդյան օրվա ինքդ քեզ արած նվերն» էլ հիշես:

Ասե՜նք, չհիշես էլ՝ կհիշեցնե՜ն:

Նրա՛նք, ում առթիվ ասիր՝ «Ով դրանց դեմ է, թող մեզ ձայնը տա»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ