ՀԱՊԿ վեհաժողովից հետո, որտեղ չի հաջողվել գլխավոր քարտուղար ընտրել, հնարավորություն տալ երրորդ երկրներին միանալ դաշինքին և համատեղ ՀՕՊ ստեղծել, Ալեքսանդր Լուկաշենկոն անսպասելի հրավիրել է Ադրբեջանի դեսպանին ու անկեղծացել:

Հայաստանի ԱԳՆ-ն Բելառուսի նախագահի այդ պահվածքը ոչ կոռեկտ է որակել: Ավելին, նշվել է, որ ՀԱՊԿ-ում խնդիրներ կան: Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը նյարդայնացրել է Բելառուսին և Ադրբեջանին: Նախագահ Ալիևն իր մոտ է կանչել Բելառուսի դեսպանին՝ հայտարարելով Բելառուսի հետ առանձնահատուկ հարաբերությունների մասին: Ալիևը հատկապես շեշտել է, որ իրենց հարաբերություններն աննախադեպ են, և իրենք մտադիր են շարունակել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։

Թերևս Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կռվեցնել Բելառուսին և Հայաստանին: Անգամ հայտարարում է, որ Հայաստանը հիստերիայի մեջ է: Իրականում Լուկաշենկոյի ոչ կոռեկտության մասին ԱԳՆ հայտարարությունն ամենեւին էլ հիստերիա չէ, այլ հեգնանք: Ակնհայտ է Ադրբեջանի հիստերիան, այլ ոչ թե Հայաստանի:

Ալիեւը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն իրոք խնդիր ունի, և դա Հայաստանն է: Հետաքրքրականն այն է, որ Ալիեւին հանկարծակի սկսել է հուզել ՀԱՊԿ խնդիրները, որտեղից Ադրբեջանը դուրս է եկել 1999 թվականին: Ինչի՞ց է վախենում Ալիեւը՝ կազմակերպության ամրապնդումի՞ց, Լուկաշենկոյի եւ Փաշինյանի հնարավոր դաշինքի՞ց, թե՞ այլ խնդիր կա։

Դեկտեմբերին փոփոխություններ են լինելու ՀԱՊԿ կանոնակարգում: Խոսքը իհարկե այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների ընդլայնման և նոր անդամների կամ դիտորդների ընդունման մասին է։
Դա նշանակում է, որ եթե դեկտեմբերին Փաշինյանը կիրառի վետոյի իրավունքը, Ադրբեջանին չի հաջողվի ծավալել իր ծրագրերը: Գուցե Ալիեւը փորձում է կոնֆլիկտ հրահրել Հայաստանի ու Բելառուսի միջեւ, որպեսզի Փաշինյանի վետոն ներկայացնի Լուկաշենկոյի՞ դեմ:
Թերևս սպասենք ՀԱՊԿ դեկտեմբերյան հանդիպմանը, որի ժամանակ կստանանք բոլոր հարցերի պատասխանները։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ