Երեկ ԱԺ ամբիոնից 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ելույթը սառը ցնցուղի պես մի բան էր Աշոտյան Արմենի համար, ով նախկինում լինելով ԿԳ նախարար, անմիջապես ըմբռնեց, որ վերջինիս կողմից արված աղմկահարույց հայտարարությունների ուղիղ հասցեատերը հենց ինքն է։ Իսկ Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով մեր կրթական համակարգի, մեղմ ասած, աղետալի վիճակը, նշել էր, որ ոլորտի նախկին ղեկավարի գործունեության լավագույն արդյունքը եղել է այն, որ ղեկավարի զավակները կրթություն են ստացել մասնավոր դպրոցներում։ Այսպիսի բացահայտ ակնարկը միայն մեկ բացատրություն կարող է ունենալ՝ նախկին նախարարը շատ լավ տեղեկացված էր և հստակ գիտակցում էր ոլորտում առկա ճգնաժամի մասին։

Իհարկե, Արմեն Աշոտյանը չէր կարող անպատասխան թողնել նման հայտարարությունը և «facebook-ի իր ամբիոնից» շտապեց հակադարձել ԿԳ նախարարին՝ «Արայիկին ու նրա թիմակիցներին» հիշեցնելով, որ քաղաքականության մեջ ընդդիմախոսի երեխաներին ներգրավելը «քաղաքական ճղճիմ դիվիդետներ ստանալու համար ստորության գագաթնակետն է»։ Իր ընդարձակ գրառման մեջ Աշոտյանը իր հերթին «խայթել» է նախարարի պաշտոնակատարին՝ շեշտելով. «Ունեցեք սեփական երեխաներ, նրանց առողջ ու կիրթ մեծացրեք և այդ ժամանակ գուցե հասկանաք, որ այլոց երեխաներից խոսելը տղամարդուն վայել չէ։ Եվ հորդորել բոլորին հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից։ Սա համարեք վերջին նախազգուշացում»։

Աշոտյանը շարունակել է«ԿԳ նախարար աշխատածս տարիների ընթացքում կատարած սխալներիս մասին երբեք չեմ խորշել բարձրաձայնել և լսել քննադատություններ, բայց երբ քննադատում է մեկը, ով 6 ամիս պաշտոնավարումից հետո ոչինչ նոր չի արել և շարունակում է նախկին պաշտոնյաների կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև այն մարդուց, ով 6 ամիսների ընթացքում միայն խոստանում է, միայն «գուժում» է, իսկ արդյունքում միայն խոսքեր ու միայն լայքեր, ապա այդ մարդուն պատասխանելը նույնիսկ տրամաբանական չէ»։

Այնուհետև հանրապետական պատգամավորը թվարկել է իր նախարար եղած ժամանակ կրթության ոլորտում ներդրված ծրագրերն ու կատարված փոփոխությունները՝ 12-ամյա կրթություն,ավագ դպրոցներ, համընդհանուր ներառական կրթություն, Բոլոնիայի գործընթաց, Դիլիջանի դպրոց, Շախմատ առարկան, սոցիալական փաթեթներ կարիքավոր ուսանողների համար և այլն, որոնք գործում են մինչև այսօր։

Ըստ Աշոտյանի՝ ներքաղաքական այս բուռն զարգացումների ու ընտրությունների նախաշեմին խոսել իր մասին ինչ-որ չարաշահումների ակնարկով, իրեն լռեցնելու անհաջող փորձ է։

«Ի դեպ, նախարարն այսօր նաև հայտարարեց, որ հարցականի տակ է Հայ եկեղեցու պատմություն առարկան։ Փաստորեն, այս մարդկանց համար ոչ ընտանիքն է սրբություն, ոչ երեխաները, ոչ մեր պատմությունը, ոչ եկեղեցին։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ», -իր գրառումը եզրափակել է վրդովված Աշոտյանը։