Զարմանալի է, սակայն ԱԺ-ն գրոհով վերցնելու պատրաստ հիմնական ուժերը՝ ՔՊ-ն, ‹‹Սասնա ծռերը›› և ՀՀԿ-ն, ‹‹Մենք››-ը և ԲՀԿ-ն, մտահանել են շատ կարևոր մի բան՝ կարգախոսները: Սակայն չէ՞ որ քաղկառույցի կարգախոսը քաղաքական սակարանում նույնքան կարևոր է, որքան կարևոր է դոդոշի դայլայլուն կռկռոցը ճահճում, ավանակի մելամաղձոտ զռռոցն՝ ագարակում և անտաղանդ պոետի ինքնաընթերցումը՝ հոգեբուժարանում:

Ես՝ Զարզանդս Զեփյուռյան, առաջարկում եմ վերհիշել նախկին քաղկարգախոսները, կռահել դրանց կեղծ և իրական իմաստները, հետո հետևել անմիջական կողակցիս՝ տիկին Բեկ-Մրրիկյանի մտքերի հարահոսին: Չեք փոշմանի, զի տիկինս թեև փոքր-ինչ խև է, սակայն ազնիվ է ու այն աստճան հասուն, որ վերջերս կրկին մերժեց ՀՀԿ-ին անդամագրվելու հերթական առաջարկը:

***

‹‹Պայքար, պայքար մինչև վերջ››

ՀՀՇ-ն համազգային, ես կասեի (դուք էլ կհաստատեիք), որ համահայկական շարժում էր: Կարգախոսի երեսը համահայկական ժաժքն էր կոմունիստական Հայաստանի ազատագրման տեսքով, դարձերեսում ի՜նչ գորշ, մոխրագույն կարդինալների (Լևոնի, Բաբիկի, Վազգեն Մ-ի և Վանոյի) գերագույն իղձն էր դրոշմված՝ հասնել իշխանության, ոտքի կոխան դարձնել համազգային շարժման իղձերն ու համահայկական բռնկման նպատակները:

ՀՀՇ-ն հասավ վերջին:

Երկիրը՝ նույնպես:

***

‹‹Իմ կուսակցությունը ժողովուրդն է››

Ռոբերտ Ք.-ի կարգախոսը հույժ ամբոխահաճո էր և հնչեց որպես գալիք արմատական բարեփոխումների անկեղծ հրովարտակ:

Հակառակ հռչակածի՝ նրա քաղաքական, հանրային և բարոյահոգեբանական հենարանը 3-րդ հանրապետության նորաթուխ օլիգարխիան դարձավ: Սեդրակի որդին դրան նոր որակ և շունչ հաղորդեց՝ վերածելով քրեաօլիգարխիայի: Այսպիսով՝ Ռ.Ք.-ի կարգախոսն իրականում մեր պարանոցին ագուցվեց ‹‹Իմ կուսակցությունը քրեաօլիգարխիան է›› ձևաչափով:

***

‹‹Առաջ Հայաստան››

Սա արդեն սերժանտական Հայաստանի հանրապետականի կարգախոսն էր՝ ամբողջովին ու ամբողջությամբ գողացած մեր պատմության լուսե դեմքերից մեկից, բայց Հայաստանում գողությունն արդեն օրենքի հասցված բան էր, ու կարգախոս գողանալու մեջ կրիմինալ ոչինչ չկար:

‹‹Առաջ Հայաստան››… Տեր իմ Երկնավոր, կարգախոսը կազմած բաղադրիչներն անգամ իրենց անջատ հնչման մեջ նվիրական էին և զմայլիչ՝ էլ ուր մնաց դրանց զուգորդումը, սակայն կարգախոսի հետևում կանգնածներն էին ապիկար ու տմարդի, սեփական ժողովրդի նկատմամբ անմարդկային քենով լցված: Այնպես որ այն շատ արագ վերաճեց ավելի քան տարողունակ բառակապակցության, որը լակոնիկ էր, իր լակոնիկության մեջ լակոտության վերաճած տմարդիության, որը քաղաքական նենգադավի ու հմուտ խաղարկչի շուրթերից հնչեց այսպես՝ ‹‹Իյա՞՜, իրոք…››

***

‹‹Ապավինեք մեր մտքին և բազկին››

Բավականին շորորավարգային էր ՀՀԿ կարգախոսներից մեկը, որը թխվել էր վարչապետ Ա.Մ.-ի գաղափարական խոհանոցում:

Շորորավարգային էր, սակայն ճշմարտապատում, զի ՀՀԿ-ի միտքն այն տարիներին կիզակետվում էր Ա.Մ.-ի հոդաբաշխազուրկ-ժողովրդավարական մտասևեռումներում, բնականաբար միտքն ու բազուկը (շաքարի ճակնդեղը) միահյուսվում էին առաջին կարգախոսում:

***

Ամփոփենք: Արդ այր ու կին, որպես մի միտք ու նաև մի մարմին, առաջարկում ենք գործածման դնել հետևյալ կարգախոսերը, քանզի պառլամենտական խաղերի մեջ քաշված կուսակցությունները դրանցից լավը դժվար էլ գտնեն:

ՀՀԿ՝ ‹‹Մենք բոլորս Սերժ ենք, Սաշիկ, մեզ գործացեք որպես մաշիկ››:

ՔՊ՝ ‹‹Թուլյ չենք տա երկրի և ազգի անվերապահ նիկոլացում և հայկոյացում››:

ԲՀԿ՝ ‹‹Բարգավաճենք շեյխերով ու շեյխելով››:

‹‹Սասնա ծռեր››՝ ‹‹Ծուռը դուք եք››:

‹‹Մենք››՝ ‹‹Մենք մենք ենք, մունք չենք››:

Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ

համահեղինակ՝ Համեստ ԲԵԿ-ՄՐՐԻԿՅԱՆ

Հ.Գ. Քանի որ առաջարկվող կարգախոսները մեր մտավոր սեփականությունն են, բնականաբար ամեն արժեցող բանի պես դրանք էլ գին ունեն՝ երեք կոտ ոսկի: Դրանք կարող եք ձեռք բերել Henq.am կայքից: Յուրաքանչյուր կարգախոսի գինը 3 կոտ ոսկի է: Գումարը տրամադրվելու է Գյումրիի տնակային թաղամասերի ոչնչացմանն ու դրանցում բնակվողների համար մարդկային նորմալ կենսակերպի ապահովմանը: