Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:

«Եվրոպական երկրներ կատարած իմ վերջին այցի ընթացքում, տեղեկացնելով ներդրումային որոշ ծրագրերի մասին, ասել էի, որ պետք է սպասել լավ նորությունների: Ուրախ եմ արձանագրել, որ այցի ժամանակ և դրան հաջորդած ինտենսիվ քննարկումներից հետո հաջողությամբ ավարտել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները», -գրել է Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ այն կդառնա Արցախի տնտեսական ամենախոշոր նախագծերից մեկը և ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման երաշխավորը։

Ա. Հարությունյանի տեղեկացմամբ՝ ներդրողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ջրատարն ապահովող կասկադի վրա նոր ՀԷԿ-երի կառուցման շուրջ։ Եթե ծրագրի այս մասն էլ իրականացվի, ապա զգալի կավելանա արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը՝ խթանելով դրա արտահանումը:

«Այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ մեր հանրապետությունում արտադրվել է ավելի քան 290 մլն կվտ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20.5 տոկոսով: Նշված ծավալից ներքին սպառման համար օգտագործվել է 267 մլն կվտ-ն: Իսկ առաջիկա տարիներին հանրապետությունում արտադրվող էլեկտրանէներգիայի ծավալը նախատեսում ենք հասցնել մինչև 1 մլրդ կվտ-ի», -ասված է գրառման մեջ։

Հարությունյանի փոխանցմամբ՝ ներդրող ընկերության բաժնետերերը, որոնք հայկական ծագում չունեն, իրենց կարևոր մասնակցությունը կունենան նաև այգեգործության զարգացման գործում: Եվ այս օրերին Արցախում գտնվող ընկերության պատասխանատուների հետ, նրա խոսքով, արդեն քննարկում են ծրագրի մեկնարկի ժամկետները։