Նոյեմբերի 13-ին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկեց միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝ ProWine China 2018-ը: Հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունները Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ արդեն երկրորդ անգամ մասնակցում են միջազգային հեղինակավոր այս ցուցահանդեսին:

Հայկական 10 ընկերություններ ProWine China 2018-ին մասնակցում են մեկ միասնական տաղավարով: Այստեղ ներկայացված են խաղողի տեղական և տեղածին սորտերից պատրաստված գինիները, մրգային գինիները՝ մասնավորապես նռան գինին, ինչպես նաև խաղողի և այլ մրգերի հումքով պատրաստված ալկոհոյալին այլ խմիչքներ: Prowine China ցուցահանդեսին այցելում են ավելի քան 15 հազար գնորդներ, ներմուծում և արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 40 երկրներից: Նման ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերությունների համար նոր գործընկերներ գտնելու, նոր շուկաներ դուրս գալու ևս մեկ հիանալի հնարավորություն է:

Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերություններն են ՝ Պռոշյանի կոնյակի գործարանը, «Վան Արդի» ՍՊԸ-ն, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն, «Գևորգյան» գինու գործարանը, «ԲիԷյջ Բրենդի Քոմփանի»-ն, Ոսկեվազի գինու գործարանը, Իջևանի գինու, կոնյակի գործարանը, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղի կոմբինատ» ԲԲԸ-ն, Մերձավանի կոնյակի գործարանը և «Արենի Նոահ» ՍՊԸ-ն: